Փաշինյանի չարդարացված լավատեսությունը

Նիկոլ Փաշինյանը, լիտվացի գործընկեր Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպմանն, ընդգծել է, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ:
Դարձյալ գործ ունենք իրավիճակի հետ, երբ Փաշինյանն իր ցանկությունը ներկայացնում է որպես իրականություն: Իհարկե, դա մասամբ հետևանք է այն փաստի, որ արդեն 1,5 տարի Հայաստանի վարչապետը փաստացի հրաժարվել է կարգավորման ռուսական միջնորդությունից ու միակողմանիորեն ապավինել է արևմտյան հարթակներին:
Դրա քաղաքական արդյունքը դարձավ Արցախի հայաթափությունը և կորուստը, ինչը, սակայն, դաս չի դառնում Նիկոլ Փաշինյանի համար:
Ադրբեջանն, ըստ էության, կորցրել է մոտիվացիան՝ բանակցել բրյուսելյան հարթակում, որից, ի դեպ, ստացել է առավելագույնը՝ ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի մաս Հայաստանի կողմից: Փաշինյանը դեռ անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին պաշտոնապես համաձայնել է Բաքվի, այսպես կոչված, ինտեգրացիայի օրակարգին՝ ճանապարհ հարթելով Արցախի հայաթափության համար:
Հիմա Ալիևին հետաքրքրում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը ու նա այս հարթության վրա իրեն խոսակից է համարում ոչ թե Միշելին կամ Մակրոնին, այլ տարածաշրջանում իրական ազդեցություն ունեցող Պուտինին և Էրդողանին:
Բաքուն առհասարակ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի արագ ստորագրությամբ, որովհետև կարծում է՝ Հայաստանից դեռ ստանալու բան ունի:
Այդ մասին օրերս բաց տեքստով հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Ալիևի կարևոր «խոսնակներից» մեկը շատ պարզ տեքստով ասում է, որ իրենց ԵՄ–ն այլևս պետք չի, առհասարակ որևէ պայմանագիր պետք չի:
Սա է ռեալ իրականությունը, եթե նույնիսկ Փաշինյանն ապրում է պատրանքներով:
Վահրամ Բագրատյան