Մեր թիմում հիմա չկան «աստղ ֆուտբոլիստներ», բայց բոլոր տղաները ներդնում են իրենց ամբողջ ներուժը, որ Մխիթարյանի բացը լրացնեն․ Սլավա Սարգսյան

Մեր թիմում հիմա չկան «աստղ ֆուտբոլիստներ», բայց բոլոր տղաները ներդնում են իրենց ամբողջ ներուժը, որ Մխիթարյանի բացը լրացնեն․ Սլավա Սարգսյան

 Բոլոր թիմերի հնարավորությունները, գերթե, հավասար են, մեր թիմն էլ հիմա իր խաղամակարդակով մոտ է առաջատար խմբին։ Մեր թիմերի հետ հիմա բոլորը լրջորեն հաշվի են նստում, մեզ համար կարևոր է, որ ամեն խաղին լրջորեն պատրաստվենք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց սպորտային մեկնաբան, սպորտի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանը՝ խոսելով Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրի՝ հունիսի 8-ին նախատեսված Շոտլանդիա-Հայաստան հանդիպման մասին։

«Բոլորովին պատահական չէր, որ մեր հարկի տակ հաղթեցինք Իռլանդիային, նկատելի էր, որ ունենք խաղացողներ, որոնք ցույց են տալիս իրենց վարպետությունը։ Հիմա ովքեր մեզ հետ հաշվի չեն նստում, պարտություն են կրում, ինչպես եղավ Իռլանդիայի հավաքականի հետ։ Դժվար է առաջին տեղը գրավելը, մեր մրցակիցները բավականին ուժեղ են, բայց կարծում եմ՝ կարող ենք լրջորեն պայքարել առաջին տեղի համար»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե Իտալիա-Հայաստան կատարյալ ֆիասկոյից հետո հանրությունը որոշ չափով կոտրված է և բացի դա, նախորդ մրցաշարերի մեկնարկը մեր հավաքականը լավ էր սկսում, սակայն ավարտը ձախողում էր, Սարգսյանն արձագանքեց՝ մարզիչների մոտեցումը շատ կարևոր է և պետք է խաղացողների ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնեն։

«Պահեստային խաղացողների դերը շատ կարևոր է, ֆուտբոլիստներն ու մարզիչները պետք է նախորդ մրցաշարից դասեր քաղեն, որպեսզի նույնը չկրկնվի»,-ընդգծեց մեկնաբանը։

Հարցին, թե Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը կկաշկանդի՞ հավաքականին, վերջինս պատասխանեց՝ Մխիթարյանը ներկայությունը, բնականաբար, ավելի օգտակար կլիներ։

«Ցավոք, նա որոշեց՝ այլևս չխաղալ հավաքականի կազմում և ամբողջովին ներգրավվել է ակումբային ֆուտբոլին ու նվիրվել է իր ակումբին։ Կարծում եմ՝ Մխիթարյանի ներկայությունը դրական կլիներ, բայց բացակայության դեպքում էլ չենք կարող ասել, որ չենք հաջողի, որովհետև բոլոր տղաները ներդնում են իրենց ամբողջ ներուժը, որպեսզի բացը լրացնեն»։

Սարգսյանի խոսքով՝ մեր երիտասարդ ֆուտբոլիստներին հանգիստ կարող ենք վստահել։ Վաղվա սպասվող խաղին ընդառաջ՝ Սարգսյանը տղաներին մաղթեց հաղթանակ, նվիրվածություն։

«Առանց նվիրվածության հնարավոր չէ հասնել հաղթանակի, մեր թիմում հիմա չկան «աստղ ֆուտբոլիստներ», հատկապես, Մխիթարյանը բացակայում է, այս պարագայում, բոլորը պետք է միահամուռ ձգտեն հաղթանակի և ամբողջ խաղի ընթացքում չխնայեն ոչինչ»։

Նշենք, որ Հայաստան-Շոտլանդիա հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։

Լիաննա Թորոսյան