Ամեն ինչ արվում է, որ մինչև տարեվերջ արցախցիները թոշակ ու նպաստ ստանան

Ամեն ինչ արվում է, որ մինչև տարեվերջ արցախցիները թոշակ ու նպաստ ստանան

Արցախի գերության 12-րդ օրն է։ Թշնամին փակել է Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհն ու դրանով հումանիտար ճգնաժամ ստեղծել հայկական երկրորդ պետությունում։ 

Այսպես, դիզվառելիքի և դեղորայքի դեֆիցիտին, առաջին անհրաժեշտության պարենամթերքի սպառմանն ու հացի խնդրին ավելացել է ևս մեկը՝ կանխիկ գումարի պակասը, ինչն էլ հանգեցրել է թոշակների ու նպաստների վճարման ուշացումների։

Այսպես, MediaHub.am-ի տեղեկություններով՝ թոշակառուներն ու նպաստառուներն այս պահին փաստի առաջ են կանգնած․ նոյեմբեր ամսվա հասանելիք գումարը չեն ստացել և անգամ մեկ հաց գնելու հնարավորություն չունեն։

Խնդիրը լուծելու համար ի՞նչ քայլեր է անում պետությունը․ MediaHub-ը փորձեց պարզել Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Թոշակառուների մեծ մասը գումար ստացել էր, իսկ մյուս մասին՝ կեսն էր փոխանցվել։ Երեկվանից սկսել ենք վճարումներն իրականացնել, որ մինչև տարեվերջ բոլոր թոշակառուներն ու նպաստառուները գումար ստացած լինեն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ կանխիկի հետ կապված խնդիր կա, որը փորձ է արվում լուծել։

Հարցին՝ եթե խնդիրը չլուծվի, ի՞նչ է արվելու, Թովմասյանը պատասխանեց՝ այլ տարբերակ ևս մշակվում է, որի մասին այսօր խոսելը վաղ է, բայց իրենք ամեն հնարավոր տարբերակ դիտարկում ու լուծումներ են փնտրում։
Այլ մանրամասներ նախարարությունից մեզ չհայտնեցին։

Նարե Գնունի