Խաչքարը մեր ինքնության խորհրդանիշ է, խաչքարեր հանելն իմաստ չունի․ ազգագրագետ

Խաչքարը մեր ինքնության խորհրդանիշ է, խաչքարեր հանելն իմաստ չունի․ ազգագրագետ

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է խաչերի և խաչքարերի թեմային, մասնավորապես, դեմ է արտահայտվել ճանապարհներին դրված խաչերին ու խաչքարերին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրելը: 

«Հայաստանում տարերային, նույնիսկ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են անընդհատ հայտնվում»,- ասել էր Փաշինյանը։ 

Երկու տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «սերը» հայտնել խաչքարերի և խաչերի հանդեպ․ օրերս նա կրկին անդրադարձել է իր այդ թեզին և դժգոհություն հայտնել։

«Ուր գնում ես, ասում են՝ եկեք խաչքար դնենք, հա, հասկացանք, ինչքա՞ն խաչքար դնենք. մեկ, երկու, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարերը ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքար կապե՞նք, ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալը ամոթ չլինի»,- համոզմունք էր հայտնել նա:

Ի՞նչ նշանակություն ունեն մասնավորապես խաչքարերը մեր ազգի՝ հայերիս համար․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ազգագրագետ Կարինե Բազեյանի հետ։

«Խաչքարը, իհարկե, ինքնության խորհրդանիշ է, մեր հայկական մշակութային ժառանգություն է, մեր ժողովրդին ներկայացնող շատ կարևոր մշակութային արժեք»,– նախևառաջ ասաց Բազեյանը։

Ըստ ազգագրագետի՝ խորհրդային տարիներին, երբ շատ սահմանափակված էր խաչի և ընդհանրապես քրիստոնեության հետ կապված ամենը, հետխորհրդային շրջանում ժողովրդի հետաքրքրությունը դրա նկատմամբ միանգամից աճեց ու խաչքարը դարձավ հայ ժողովրդի ամբողջական կերպարը ներկայացնող, արժեքային համակարգը ներկայացնող մշակութային արժեք, որը սկսվեց մեծ քանակությամբ վերարտադրվել։

«Հայաստանում արցախյան պատերազմի հետ կապված ակտիվ սկսեցին խաչքարեր պատրաստել: Իհարկե, հիմա մի քիչ չարաշահում են, բայց ես դրան կողմնակից եմ։ Բայց օրինակ՝ Շիրակի մարզում մի հուշարձան կա նվիրված 1918-1920թթ․ թուրքերի կողմից զանգվածային կոտորածներին, ի սկզբանե այնտեղ շատ սիրուն հուշարձան էր դրված, հիմա ով եկել, կողքից ինչ ասես դրել են, և հուշարձանի ընդհանուր տեսքը կորել է»,– ասաց ազգագրագետը։

Ըստ նրա՝ խաչքարերը պետք է դրվեն կոնկրետ տեղում, կոնկրետ ինչ–որ բանին նվիրված։ Երբ տեղ չկա շարժվելու ու մեծ-փոքր լցված են խաչերն ու խաչքարերը, արդեն չի ընկալվում խաչքարը։

«Խաչքարերը հանել իմաստ չունի, մարդկանց պետք է բացատրես, որ ամեն տեղ չկանգնեցնեն խաչքարեր, որովհետև դրանով ընկնում է խաչքարի արժեքը, իմաստն է կորում։ Օրինակ՝ ես մետաղյա խաչերին շատ դեմ եմ, բայց խաչքարը գեղարվեստական է և արմատներով գնում է դեպի  վաղ քրիստոնեություն, իսկ մետաղյա խաչերը կապ չունեն ո՛չ մեր մշակույթի հետ, ո՛չ մեր ժառանգության, ո՛չ էլ քրիստոնեության»,– եզրափակեց ազգագրագետը։

Մարիաննա Արամյան