Չստացվածի համար ներողություն եմ խնդրում. Արմեն Մելիքբեկյան
Շատ անգամ է հնչել այս հարցը, թե ինչու եմ որոշել առաջադրվել։ Ժողովի պատվիրակների, ընտրողների համար ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ ես ու ոչ միայն ես տեսնում եմ, որ վերջին չորս տարիների ընթացքում ապագայի համար լավ սերմեր են ցանվել, գալիք երեք տարիներին էլ հողը պետք է ջրվի, և որոշ արագահաս պտուղներ պետք է քաղվեն, իսկ սերմեր ցանելը շարունակական գործընթաց է, և դա անընդմեջ պետք է արվի։
Այս մասին այսօր ՀՖՖ նախագահի ընտրության նիստի ժամանակ հայտարարեց ֆեդերացիայի նախագահի թեկնածու, գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ նշելով, որ իր առաջադրվելն ինքնանպատակ չէ։
«Մենք մեծ ծավալի աշխատանք ենք կատարել այս տարիների ընթացքում, և շատ հաճախ դա արել ենք ճգնաժամային պայմաններում՝ համավարակի, պատերազմի, աշխարհաքաղաքական բարդ զարգացումների լույսի ներքո, և չստացվածի համար ներողություն եմ խնդրում՝ խոստանալով ընտրվելու դեպքում էլ ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել»,- ասաց Մելիքբեկյանը։
Նա ցավ հայտնեց, որ Ուելսի հետ խաղում հաղթանակ չգրանցելու համար, քանզի հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կստանար Եվրոյի ուղեգրի համար պայքարում եզրափակիչ հանդիպում, ինչը չստացվեց, բայց դա, ըստ նրա, մոտիվացնում է շարունակել աշխատանքը։
Մանրամասն՝ տեսանյութում