Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, հայտնում է qahana.am-ը:

Համաձայն Ավետարանի, Հիսուս Քրիստոսը Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: