Երևանն ընդունե՞լ է Բաքվի առաջարկը

Երևանն ընդունե՞լ է Բաքվի առաջարկը

Արևմտյան հարթակները բոյկոտող Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների առաջարկ արեց։ Հայաստանի արտգործնախարարությունն երեկ պատասխանել էր՝ պատրաստ են բանակցությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։ Բաքվին առաջարկվել է՝ պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։

Այսօր հայտնի դարձավ, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը:

Այդ հանձնաժողովների՝ պետական սահմանին հանդիպելու պրակտիկա, իհարկե, գոյություն ունի, սակայն այս պարագայում՝ նոր հանդիպումը մի փոքր այլ համատեքստ ունի և կարող է ենթադրել, որ պաշտոնական Երևանը համաձայնում է ուղղակի՝ առանց միջնորդների բանակցելու, Բաքվի առաջարկին:
Եվս մեկ անգամ փաստենք, որ հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունները չեն կարող բխել Երևանի շահերից:

Նախ, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի անվստահության մեծ միջավայր, ինչը ենթադրում է, որ բանակցությունները շատ արագ մտնելու են փակուղի՝ ճանապարհ բացելով նոր պատերազմի համար:

Եվ երկրորդ, ուժային նման դիսբալանսի պայմաններում՝ առանց միջնորդների բանակցությունները ենթադրելու են ոչ թե խաղաղության օրակարգ, այլ ծանր խոսակցություն՝ Հայաստանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ:

Վահրամ Բագրատյան