Մի տեղ լույսն ուշ են միացնում, մի տեղ չնախատեսված են անջատում. Արցախյան օրագիր, օր 37-րդ

Մի տեղ լույսն ուշ են միացնում, մի տեղ չնախատեսված են անջատում. Արցախյան օրագիր, օր 37-րդ

Ստեփանակերտից օգտատեր Թամարա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առավոտյան արթնանում եմ, նայում լույսի գրաֆիկը։ Ուսուցիչների հետ հանդիպումները պլանավորում եմ ըստ տվյալ շրջանի լույսի ժամերի։

Ցերեկը պետք է գրասենյակ գնամ, գազն արդեն անջատել են, տաքսի արդեն գրեթե չկա։ Մի կերպ հասնում եմ գրասենյակ։

Մի տեղ լույսն ուշ են միացնում, մի տեղ չնախատեսված են անջատում։ Հա, այս օրերին էլ փորձում եմ աշխատել, որքան հնարավոր է՝ բնականոն։ Քանի որ հատկապես այս օրերին չաշխատելը վերջնական կործանարար կարող է լինել։ Ու նույնը մեր ուսուցիչներն են անում՝ բոլոր խնդիրների համար լուծումներ փնտրելով։ Երեկ մտածում եմ՝ վաղվանից սկսեմ համայնքային այցեր պլանավորել, այսօր գազն էլ են անջատում, տաքսիներ այլևս չկան։ Մի քանի հանդիպումներ չեն ստացվում, երեկոյան մի կերպ մի տաքսի եմ գտնում.

«Քույրիկ, բենզինով եմ քշում, մինիմալը թանկ է»։ Ոչինչ, ասում եմ, մենակ թե տուն հասցրեք։ Վաղվանից տնից կաշխատեմ, որքան թույլ կտա լույսի գրաֆիկը։ Ու մտածում եմ. բա ի՞նչ անեն նրանք, որ փոքր երեխա ունեն, որ էդ երեխեքը հիմա իրենցից հեռու են, որ խրոնիկ հիվանդություն ունեն, ու ամեն օր դեղ է պետք..

Սա իմ մի օրն է, ու այդ օրերը՝ տարբեր անակնկալներով, ձգվում են արդեն 36 թե 37 օր, չեմ հաշվում արդեն...»: