«Հայկական Ուկրաինան» պայթեց Արցախում․ Միքայելյան

«Հայկական Ուկրաինան» պայթեց Արցախում․ Միքայելյան

Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ: Այս թեզը ՔՊ-ն վաղուց է առաջ քաշում, և դեռ նախորդ տարի կուսակցության կարկառուն գործիչները հայտարարում էին, որ ռազմաբազաները Հայաստանում ուղիղ սպառնալիք են հանդիսանում ՀՀ անվտանգության համար։ 

Ի՞նչ կլինի ռուսական ռազմաբազաների հետ, և ո՞ւր կհասցնի Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը։ Այս և այլ հարցերի MediaHub-ի հետ զրույցում պատասխանեց Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

«Իշխանության նպատակների մասին խոսելիս կարող եմ նշել, որ իրենց վերջնական նպատակն է տարածաշրջանից Ռուսատանին դուրս մղելը և փոխարինել Ռուսաստանին Թուրքիայով։ Սրա մասին իշխանությունը խոսում է բաց տեքստով, երբ հայտարարում է, որ պետք է խորացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանի հետ՝ նվազեցնել»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով ռուսական ռազմաբազաների հարցին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ ռուսական կողմից առկա է անադեկվատ վերաբերմունք, քանի որ Ռուսաստանը, կարծես, հանում է իր դիրքորոշումն արանքից և սպասում ՀՀ իշխանությունների որոշմանը, որը, փորձը ցույց է տալիս, անադեկվատ է։ Մինչդեռ, ասում է նա, Ռուսաստանից ավելի շատ բան է կախված, քան կարելի է պատկերացնել։

«Ռուսաստանն արձագանքում է ՀՀ որոշումներին, սակայն չի բարձրաձայնում իր սեփական որոշումները, քաջ գիտակցելով, որ Հայաստանն այդքան կարողություն չունի բոլոր հարցերը լուծելու։ Ռուսաստանը պետք է հասկանա՝ այս ռազմաբազան ի՞նչ նպատակի է ծառայում և ինչո՞ւ է այստեղ։ Հայաստանում շատերն են սպասում այդ պատասխաններին Ռուսաստանի կողմից, և եթե պատասխանները չհնչեն, ապա իրավիճակն ավելի պայթյունավտանգ կդառնա»,- ասաց նա։

Միքայելյանը շարունակեց՝ իրավիճակը սրվելու է և դառնալու ավելի անկանխատեսելի, քան երբևէ, պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմաբազաները պատկանում են Ռուսաստանին, իսկ թե ինչ կորոշի Փաշինյանը, Ռուսաստանի համար չպետք է լինի առաջնային, քանզի եթե ամենը թողնվի Փաշինյանի որոշելուն, ապա ռազմաբազաները պարզապես դուրս կբերվեն Հայաստանից, և թուրքական ազդեցությունը կլինի տարածաշրջանում առավելագույնը:

Ինչ վերաբերում է երեկ Թբիլիսիում ՀՀ ՏԿԵ փոխնախարարի արած հայտարարությանը, թե քաղաքական հարցերը լուծելուց հետո Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները, Հրանտ Միքայելյանը նշեց, որ այս հարցի շուրջ աղմուկը նույն շարքին է պատկանում։

«Ռուսական ազդեցության թուլացումը և գազի այլընտրանքային ճանապարհը ՀՀ իշխանությունների հերթական պրովոկացիան է։ Այստեղ ծագում է այլ հարց՝ ունի՞, արդյոք, Ադրբեջանն այդքան գազ։ Ո՛չ, չունի և եթե ինչ-որ վատագույն սցենարի զարգացմամբ, ինչ-որ ադրբեջանական գազ մտնի ՀՀ, ապա դա կլինի լրջագույն լծակ Հայաստանի վրա ցանկացած ոլորտում ազդելու համար»,- շեշտեց Միքայելյանը։

Հաջորդ հարցը՝ Հայաստանը կդառնա՞ Ուկրաինա։

«Իրավիճակը պետք է լուրջ գնահատել՝ ուկրաինական սցենարն արդեն Հայաստանում է։ «Հայկական Ուկրաինան» պայթեց Արցախում և Ռուսաստանի մոտեցումը շատ պարզ է. եթե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ վատ են, ապա Հայաստանը պատժվում է դաժանագույն ձևով՝ տարածքների կորստով։ Սցենարն արդեն եղել է Վրաստանում, Մոլդովայում և հիմա Հայաստանում է։ Իրավիճակը շարունակելու է սրվել այս իշխանությունների քաղաքականությունից ելնելովշ և Ռուսաստանը գուցեև աչք փակի Ադրբեջանի կողմից Սյունիքի հետագա հարձակման վրա»,- եզրափակեց Միքայելյանը։

Մարիա Զարգարյան