Բալասանյանը գնաց, ո՞վ է բանակցելու Ադրբեջանի հետ. Արցախի նախագահի խոսնակը պարզաբանում է

Բալասանյանը գնաց, ո՞վ է բանակցելու Ադրբեջանի հետ. Արցախի նախագահի խոսնակը պարզաբանում է

Արցախի շրջափակման 30-րդ օրն է, սակայն մինչ այս պահն անորոշ է, թե ինչ է սպասվում «գերության» մեջ հայտնված արցախահայությանը։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արցախի իշխանությունը, արդյո՞ք բանակցային որևէ գործընթաց կա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ։ 

- Տիկին Ավանեսյան, խնդրում եմ նշել, թե արդյո՞ք պետական մակարդակով Արցախը փորձում է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի և ՌԴ-ի հետ։

- Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը տարբեր մակարդակներում հարաբերությունների հաստատումը և ամրապնդումն է պետությունների և միջազգային կառույցների հետ: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Արցախի Հանրապետության նախագահը միշտ նշել է ԱՀ իշխանությունների՝ Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելու մասին՝ ընդգծելով նաև կարմիր գծերի գոյությունը: 2020 թվականի նոյեմբերից ի վեր ադրբեջանական կողմի հետ բոլոր շփումները տեղի են ունեցել ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ:

- Ըստ էության, Վիտալի Բալասանյանն էր Ադրբեջանի հետ բանակցողը, հիմա ո՞վ է բանակցում։

 - ԱՀ պետական կառույցների ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ և մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ քննարկել են բացառապես հումանիտար և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության շրջափակումից հետո նման խնդիրների կարգավորմամբ զբաղվում են միայն խաղաղապահները: 

- Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանն ու Փաշինյանը այս օրերին որևէ հեռախոսազրույց չեն ունեցել՝ պաշտոնապես այդ մասին որևէ տեղեկատվություն չկա: 

- ԱՀ նախագահը ամենօրյա կապի մեջ է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելով Արցախի ապաշրջափակմանը, Արցախում ուժգնացող հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն վերաբերող և այլ հարցեր:

Նարե Գնունի