Ո՞վ է խոսում պատասխանատվությունից

Ո՞վ է խոսում պատասխանատվությունից

«Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնելու։ Բոլորն էլ մարդ են․ ոչ մեկը չի ուզում, որ իր հասցեին հայհոյանք լինի։ Բայց ես ուզում եմ հետևյալն ասել․ եթե այսօրվա իշխանությունը, վաղվա իշխանությունը չի ուզում հայհոյանքը վերցնել իր վրա, որովհետև հայհոյանքը երբեմն գործի հարակից էֆեկտն է, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը»,- այս մարգարեական խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Այս նախադասությունները նա հնչեցրել է այսօր առավոտյան, կառավարության նիստի մեկնարկին:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի վարքագիծը տրամագծորեն հակառակ է նրա գործին:

Օրինակ, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, եթե մինչև պատերազմը Փաշինյանը կարող էր գնալ ոչ պոպուլյար լուծումների՝ կանխելու համար պատերազմը և երաշխավորելու համար ԼՂ հայկականությունը:

Պոստֆակտում, աղետից հետո, Փաշինյանը խոստովանեց, որ 2018-20թթ-ին լուծման չի գնացել՝ «դավաճանի» պիտակի չարժանանալու համար:
Մյուս օրինակը. Փաշինյանը զրո պատասխանատվություն ցուցաբերեց Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ, երբ Պրահայում մի քառակողմ հայտարարության մաս կազմեց, ինչը ճանապարհ բացեց Արցախի հայաթափության համար:

Այս մեղքը Փաշինյանը դեռ չի խոստովանել, բայց ակնհայտորեն գործել է՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով:

Հիմա էլ գործ ունենք նոր տոտալ անպատասխանատվության հետ, երբ Փաշինյանն ու նրա կաբինետի անդամներն իրարամերժ հայտարարություններ են անում Տավուշի հատվածի սահմանազատման վերաբերյալ:

Վահրամ Բագրատյան