Որտե՞ղ էին ուդիները, երբ 70 տարի Դադիվանքը ադրբեջանցիները վերածել էին անասնագոմի

Որտե՞ղ էին ուդիները, երբ 70 տարի Դադիվանքը ադրբեջանցիները վերածել էին անասնագոմի

2020 թվականին Շահումյանի շրջանի հանձնումից հետո ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվեց նաև Դադիվանքի վանական համալիրը։ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, սակայն, հաջողվեց շարունակել ծառայությունը շրջափակման մեջ գտվող վանքում՝ առանց անվտանգության երաշխիքների։ Վանքը հայկական պահելու համար արվել է ամեն հնարավորը, սակայն, ադրբեջանցիները դադարեցրել են խաղաղապահների հետ համագործակցությունն ու 2021 թվականի վերջին արգելել հոգևորականների մուտքը Դադիվանք։ Հետո սկսվել է ադրբեջանցիների հերթական շոուն՝ ուդիների մասնակցությամբ։

«Որտե՞ղ էին ուդիները, երբ շուրջ 70 տարի վանքը գտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ ու ծառայում էր որպես անասնագոմ։ Ո՞ւր էին, երբ որևէ մեկը ոչ մի քայլ չարեց, որպեսզի վանքը գործի, այլ ոչ թե ծառայի անասուններին»,- MediaHub-ի հետ հարցադրում է անում Դադիվանքում երկար տարիներ հոգևոր ծառայություն մատուցած քահանա Տեր Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Արցախյան առաջին ազատագրական պատերազմում տարած հաղթանակից ու Շահումյանի շրջանի ազատագրումից հետո՝ Դադիվանքում սկսվել է մաքրման գործընթացը։ Շուրջ 30 տարի այնտեղ պատարագներ են մատուցվել, պսակադրության, մկրտության կարգեր կատարվել, ընդունել ու ճանապարհել հազարավոր հավատացյալների։ 

«Այդ 3 տասնամյակների ընթացքում տարբեր ազգերի հազարավոր տուրիստներ են եկել Դադիվանք, նրանց մեջ ոչ մի ուդի չենք հանդիպել։ Այս մասին ես շատ եմ խոսել ու հարցազրույցներիս մեջ նույն հարցերն ուղղել եմ իրենց։ Հավանաբար դա է եղել նաև պատճառը, որ նրանք ավելի ուշ հայ հոգևորականներին խոստովանել են, որ իրենց պարզապես ստիպել են խաղալ այս «խաղը»»,- ընդգծեց Տեր Հովհաննեսը՝ նշելով, որ այն, ինչ հայկական մշակութային ժառանգության մեջ  Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում յուրացնել կամ աղվանացնել, նրանք դա անում են ազգային փոքրամասնությունների ձեռքով։

Դադիվանք եկած ուդիները չեն վիճարկել վանքի հայկական ծագումը, բայց խաղացել են իրենց «խաղը»։ Ինչպես մյուս եկեղեցիներում ու վանական համալիրներում, Դադիվանքում ևս, չի բացառվում, որ պատերից կհեռացվեն հայկական վիմագրերն ու պատկերաքանդակները։ 

Վտանգված է օկուպացիայի մեջ գտնվող ողջ մշակութային ժառանգությունը, քանի դեռ Ադրբեջանի կողմից էթնոցիդը չի դատապարտվել։

Հունան Թադևոսյան