Այլևս դահլիճային բանավեճի ժամանակը վերջացել է, հիմա հասարակության դիրքորոշման հարցն է․ Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ նիստին՝ ընդդիմության բացակայության մասին

Այլևս դահլիճային բանավեճի ժամանակը վերջացել է, հիմա հասարակության  դիրքորոշման հարցն է․ Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ նիստին՝ ընդդիմության բացակայության մասին

Եթե այսօր ընդդիմությունը ԱԺ նիստերի դահլիճում լիներ և հակադարձեր իշխանության հայտարարություններին՝ որևէ նորություն չէր լինի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով այսօր ընդդիմության՝ ԱԺ-ում ներկա չլինելու մասին։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ այսօր պարզապես ապացուցվեցին բոլոր այն զիջումները, որոնց պատրաստ է այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով, իրականում, քաղաքական բանավեճի իմաստը կորում է, հիմա արդեն հասարակության դիրքորոշման հարցն է։ Երեկ ԱԺ-ում ընդդիմության հայտարարությունը, Արցախի դրոշ պարզելը և դրան իշխանության ներկայացուցիչների հակադրումը ցույց տվեց իրականության պատկերը։ Արցախի և Հայաստանի հարցն է և այլևս դահլիճային բանավեճի ժամանակը վերջացել է, հիմա հասարակության դիրքորոշման հարցն է»,-ասաց Մանուկյանը։

Մանուկյանը հիշեցրեց, որ ապրիլի 5-ի հանրահավքը հենց այդ նպատակով էր, որպեսզի ներկայացվեին բոլոր կարմիր գծերը և դառնար հասարակության համախմբվելու, ոտքի կանգնելու և այս իշխանության կործանարար քայլերի վերջնական մերժման սկիզբ։

Դիտարկմանը, թե այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմը կարող էր առանց պատերազմի և առանց զոհերի էլ ունենալ այն պատկերը, որ հիմա էլ կա և հարցին, թե արդյո՞ք հենց այդ ժամանակ չէր, որ ընդդիմության հակադարձումը պետք էր լսել, պատգամավորն արձագանքեց՝ այս բոլոր թեզերը նորություն չեն։

«Այս թեզերին, տևական ժամանակ՝ 2021 թվականի օգոստոսին խորհրդարանում, դրանից առաջ հրապարակային հավաքներին մենք արձագանքել ենք։ Հիմա համախմբման փուլն է»,- շեշտեց Մանուկյանը։

Դիտարկմանը, որ գուցե, Փաշինյանն այսօր առիթից օգտվեց, քանի որ իրեն ոչ ոք չէր հակադարձելու և արեց հայտարարություններ, որոնք հենց իր դեմ են՝ պատգամավորը պատասխանեց՝ նախկինում նույն այս հարցերին, որոնք ընդդիմությունն էր տալիս՝ պարզապես անմեղսունակ հայացքով էր պատասխանում։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Անսահման մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ Աստծո որդիներ պիտի կոչվեն»:

Մանուկյանը, խոսելով Փաշինյանի մեղա գալու մասին, ընդգծեց․ «Որ ուղեղ չունեիր, ինչի՞ էիր 2018 -ին բանակցում Արցախի հարցով, որ հիմա էլ Աստծուն վկաչակոչելով՝ անիմաստ արտահայտություններ անես։ Այդ բոլոր մեղքերը, որ նա ընդունում է, այսքանից հետո միակ ճիշտ որոշումը հեռանալն է, որ մարդիկ կարողանան ՀՀ-ի և Արցախի հանրությունը ներկայացնեն»։

Լիաննա Թորոսյան