Փաշինյանի «տպավորությունները»

Փաշինյանի «տպավորությունները»

Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանն էր՝ պատգամավորների և նախարարների մասնակցությամբ, ու բնական է, որ այն երկար տևեց՝ շուրջ երեք ժամ, և ուցեկցվեց ինտրիգներով:

Նիկոլ Փաշինյանը դարձյալ հանդես եկավ, մեղմ ասած, վիճահարույց հայտարարություններով:
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում գրված ձևակերպումը չի նշանակում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է ներկա գտնվեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Ռուսական սահմանապահ ուժերի ներկայությունը Հայաստանում դա Հայաստանի որոշելու խնդիրն է։ Եթե վաղը Հայաստանը որոշի, որ նրանք չպետք է ներկա լինեն, նրանք ներկա չեն լինի»,- երեկ ասել է նա:

Հասկանալի է այն փակուղին, որում հայտնվել է Փաշինյանը: Նա չի կարող իր ստորագրությունը հետ վերցնել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից, որովհետև արևմտյան հարթակներում կամ երկկողմ բանակցություններում այդպես էլ չի ստորագրվել մի փաստաթուղթ, որը համարժեք լիներ հրադադարի փաստաթղթին: 

Եթե Փաշինյանը հետ է վերցնում իր ստորագրությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա դա կարող է համարվել casus belli: 

Բայց casus belli կարող է համարվել նաև այն, եթե Փաշինյանի պատկերացումները Բաքվում և Մոսկվայում համարվեն մանիպուլյացիա: Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ արձագանքները հենց դրա մասին են խոսում: 

Ողջունելի է, իհարկե, այն, որ Նիկոլ Փաշինյանը փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի Սահմանադրության հարցում. «ՀՀ սահմանադրության տեքստի մեջ չկան պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։ 

Սակայն ինչո՞ւ էր այս տարվա փետրվարին Փաշինյանը տրամագծորեն այլ դիրքորոշում որդեգրել, ինչով «կանաչ լույս» վառեց Բաքվի կոշտ պահանջի առջև:

Մի խոսքով, երեկվա հարցուպատասխանը Փաշինյանի փոփոխական տպավորությունների մասին էր:

Վահրամ Բագրատյան