Ագրեսորի «երկաթե բռունցքը»՝ որպես Արցախը վերացնելու խորհրդանշան

Ագրեսորի «երկաթե բռունցքը»՝ որպես Արցախը վերացնելու խորհրդանշան

Monument watch-ը գրում է․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց «հաղթանակի» խորհրդանիշներ, որոնցից մեկն անմիջապես առնչվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դա այսպես կոչված «երկաթե բռունցքն» է: Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմի վերջին իր ելույթի ժամանակ, թվարկելով ադրբեջանական ուժերի կողմից գրավված շրջանների անվանումները, խոսելիս որպես «հաղթանակի» նշան ցուցադրում էր իր բռունցքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից «երկաթե բռունցքն էր կոչվում օկուպացված տարածքների ազատագրման 2020 թվականի օպերացիան»:

Արդեն սկսած 2021 թվականից այս ժեստին Ալիևի կողմից տրվեց մեծ քարոզչական նշանակություն, որով վերջինս ցույց էր տալիս իր ուժը և «հայերին պատժելու, հարված հասցնելու, թշնամու գլուխը ջարդելու» պատրաստակամությունը: Օկուպացված Արցախ կատարած այցերի ժամանակ Ալիևը իր ելույթներն ուղեկցում էր և եզրափակում էր նման ժեստով: Այդ ժեստը նա կիրառում էր, երբ խոսում էր Հայաստանի և Արցախի մասին: Նույն 2021 թվականին ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել Ալիևի լուսանկարները համապատասխան ժեստով, իսկ Ադրբեջանում մեկնարկեց այսպես կոչված երկաթե բռունցքների արձանների տեղադրման շքերթը:

Ակնհայտ քարոզչական նպատակ հետապնդող այս սիմվոլները տեղադրվել են բացառապես օկուպացված Արցախում՝ Հադրութում, Բերձորում, Քարվաճառում: Արցախում առաջին նման արձանը որպես յուրահատուկ խորհրդանիշ տեղադրվել է Հադրութ քաղաքի կենտրոնում՝ նշանավորելով այս կարևորագույն շրջանի գրավումն Ադրբեջանի կողմից:

Դատելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեսանյութերի և ինֆորմացիայի, նման արձան նախատեսվում է տեղադրել նաև Ստեփանակերտում։ Պատահական չէ, որ Ստեփանակերտի օկուպացիայից հետո անմիջապես ապամոնտաժվեց Ստեփան Շահումյանի արձանը, իսկ համացանցում սկսեցին տարածել անգամ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ապամոնտաժման թեման:

Ակնհայտ է, որ երկաթե բռունցքն իր մեջ կրում է ուղղակի ագրեսիա հայկականության ամեն մի դրսևորման դեմ: Այն որպես ադրբեջանական տիրապետության նշան տեղադրվում է Արցախում՝ խորհրդանշելով հայերի հանդեպ հաղթանակը և տարածքի գրավումը: Երկաթե բռունցքը ադրբեջանական կողմի համար հանդիսանում է հայկական Արցախը վերացնելու խորհրդանշան՝ իր բոլոր հետևանքներով: Այս գործընթացն ավելի արագ դրսևորում ստացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, երբ Ստեփանակերտում սկսեցին վերացնել հայկական ինքնությանն առնչվող ամեն մի խորհրդանիշ, Արցախի կառավարության և նախագահական շենքերից հեռացվեցին Արցախի զինանշանները, իսկ կառավարության շենքի գլխավոր ճակատին կախվեց երկաթե բռունցքի մեծադիր պաստառը:

2024 թվականի փետրվարի վերջին ոչնչացվեց Արցախի խորհրդարանի շենքը, իսկ մարտի 18-ին Իլհամ Ալիևը, այցելելով օկուպացված Ստեփանակերտ, Արցախի ազգային ժողովի շենքի և Ազատամարտիկների միության շենքի քանդումից հետո ձևավորված հարթակի վրա ելույթ ունեցավ բռունցքը բարձրացնելով և վառելով Նովրուզի խարույկը։  Ալիևն իր ելույթում նշեց, որ Արցախի ազգային ժողովի շենքը սատանայական որջ էր, իսկ նովրուզի խարույկը իրագործում է վերջնական մաքրագործման գործառույթը։