Ադրբեջանի ներկայացուցիչներն այս պահին Կաշենի հանքո՞ւմ են

Ադրբեջանի ներկայացուցիչներն այս պահին Կաշենի հանքո՞ւմ են

MediaHub-ի տեղեկություններով՝ այս պահին ադրբեջանցիները գտնվում են Կաշենի հանքում: 

MediaHub-ը փորձեց կապ հաստատել հանքի տնօրինության հետ, սակայն ապարդյուն՝ մեր զանգերը մնացին անպատասխան: Ճշտել տեղեկատվությունը, թե ինչ է կատարվում այս պահին հանքում մեզ չհաջողվեց, սակայն հաշվի առնելով վերջին օրերին ստացվող տեղեկատվությունը Ստեփանակերտի և Բաքվի միջև վարվող բանակցությունների մասով, քիչ հավանական է, որ իրավիճակն այլ է, քան պնդում են մեր աղբյուրները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջ Արցախի կառավարությունը «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ համատեղ որոշեց ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր. «Հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»:

Փաստացի մինչ օրս հանքի շահագործումը կասեցված է Ադրբեջանի շանտաժի արդյունքում:
Ի դեպ, ռուս խաղաղապահների առաքելությունից այսօր հաստատել են, որ վերջին օրերին տեղի են ունեցել հանդիպումներ՝ իրենց միջնորդությամբ:

Նշվում է, որ առաջին հանդիպումը Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փետրվարի 24-ին: Ռուս խաղաղապհները  հարցմանն ի պատասխան նաև նշել են, որ ի թիվս այլ հարցերի, «հանդիպման շրջանակներում քննարկվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից բնապահպանական մոնիտորինգի հնարավորությունը (խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է - խմբ.)»:

Զիջումները շարունակվում են...