Արցախի նախագահականը չի մեկնաբանում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Արցախի նախագահականը չի մեկնաբանում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ, և այդ կապը նոր չէ։ Սիմոնյանի այս հայտարարությունը որոշ չափով զարմանալի էր, քանի որ հունվարի տասին Արցախի նախագահականից MediaHub-ին պատասխանել էին, որ Ադրբեջանի հետ անմիջական բանակցություններ չկան, ամեն ինչ արվում է խաղաղապահների միջոցով։

«ԱՀ պետական կառույցների ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ և մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ քննարկել են բացառապես հումանիտար և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության շրջափակումից հետո նման խնդիրների կարգավորմամբ զբաղվում են միայն խաղաղապահները»,- մեզ հետ զրույցում ասել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Այսօր էլ Սիմոնյանը բառացի հայտարարեց՝ Արցախի իշխանություններն այս կամ այն ձևով անմիջական կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչպես նաև Ռուսաստանի զորախմբի ներկայացուցիչների հետ։

MediaHub.am-ը դիմեց Արցախի նախագահի խոսնակին՝ մեկնաբանելու Սիմոնյանի այս հայտարարությունը։ Լուսինե Ավանեսյանի պատասխանը կարճ ու կոնկրետ էր․

«Նախորդ ասածիս ավելացնելու բան չունեմ: ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը մեկնաբանելուց ձեռնպահ կմնամ»,- նշեց նա։

 

Նարե Գնունի