Այսուհետ թող երկու անգամ մտածեն, նոր քայլ անեն․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական կողմին

Բանակցությունները փակուղում համարել չենք կարող։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման չեղարկմանը։
Հիշեցնենք, որ Շառլ Միշելը հոկտեմբերի վերջին շաբաթը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել էր եռակողմ հանդիպման, որը, ըստ նախնական մեկնաբանության, ժամանակի սղության պատճառով չի կայանա։
«Հայկական կողմը ակտիվ շփումների մեջ է, կարելի է ասել, որ գործընթացն ինչ-որ տրամաբանության ենք բերել, որը բոլորի համար ընդունելի տարբերակ է»,- նշեց նա։
Հարցին, թե ո՞ւմ պատճառով է հետաձգվել հանդիպումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ մեր կողմից որևէ հայատարարություն չկա, ուստի ենթադրելի է, որ Ադրբեջանի կողմից է։
Մեկ այլ հարցի՝ հնարավո՞ր է 3+3 ձևաչափով հանդիպումը խանգարեց սրան, Ալեն Սիմոնյանը կարճ արձագանքեց՝ չեմ կարծում։
«Ի վերջո, մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողություններից դուրս մնալ։ 3+3-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որ մեր երկրի համար կարևոր է նրանով, որ մեր անմիջական հարևանների հետ չենք կարող մեզ դուրս թողնել»,- նկատեց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք չէ միանշանակ ասել, որ որևէ այլ տեղ չի քննարկվելու խաղաղությունը։
«Բայց հասարակ բան, եթե տարածաշրջանի խաղաղությունը տարածաշրջանային հանդիպմանը չքննարկենք, ապա ո՞ր ֆորմատներում քննարկենք։ Մեր տարածաշրջանում էլ մենք պետք է դա քննարկենք։ Սա սկսնակ ֆորմատ է, և գնահատականներ տալ այս պահին չեմ կարող»,- ասաց ԱԺ նախագահը։
Մեկ այլ հարցի, որ վերաբերում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի ԱԳՆ կանչվելուն և բողոքի նոտա ներկայացնելուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ հարցը ճիշտ է տալ ռուսական կողմին, քանի որ հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել և երբևէ իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի պահել։ Ինչ վերաբերում է իր՝ Մարիա Զախարովային քարտուղարուհի անվանելուն, ապա, ըստ Սիմոնյանի, այդտեղ որևէ վիրավորական բան չկա, բացի այդ, իր խոսքը հաջորդել է Զախարովայի կոնկրետ հայտարարության։
«Ռուսական կողմն ինչ-որ բաներ է անում, որոնք մեր հասարակության մեջ հակառակ էֆեկտն են տալիս։ Չգիտեմ՝ ովքեր են իրենց խորհրդատուները, բայց իրենց այդ ծրագիրը հակառակ արդյունքն ունեցավ։ Այնպես որ, հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն»,- նշեց նա։