Թուրքիան հիմա էլ փորձում է Մեծամորի ատոմակայանի միջոցով մեր վրա ճնշում գործադրել․ փորձագետ

Թուրքիան հիմա էլ փորձում է Մեծամորի ատոմակայանի միջոցով մեր վրա ճնշում գործադրել․ փորձագետ

Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի հետ կապված վարժանք են անում։ Այդ մասին տեղեկանում ենք տեղական լրատվամիջոցներից։ Նշվում է, որ ուսումնական պլանը ենթադրել է 7 մագնիտուդով երկրաշարժից հետո սահմանակից գյուղերի բնակիչներին առաջին օգնություն ցույց տալը։

Ի՞նչ կարող է նշանակել այս վարժանքը, ի՞նչ մեսիջներ է այն պարունակում․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։

Նրա խոսքով՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը վաղուց են պահանջում Մեծամորի ատոմակայանի փակումը։

«Բայց ատոմակայանը ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ է՝ այդ թվում անվտանգության առումով, և ՄԱԳԱՏԷ-ն երբեք ոչ մի խնդիր չի տեսել։ Հետևաբար, նմանատիպ վարժանքները շատ արհեստածին են, և դրանց համար ոչ մի հիմք չկա։ Եթե ինչ-որ խնդիրներ լինեին, ապա առաջինը հենց ՄԱԳԱՏԷ-ն կբարձրաձայներ»,- նշեց Մանվելյանը։

Ըստ փորձագետի՝ այս վարժանքները պրովոկացիա են՝ Հայաստանում իրավիճակը սրելուն միտված։

«Թուրքիան փորձում է Հայաստանի վրա հերթական ճնշումը գործադրել, բայց պետք է վստահ լինել, որ այդ ամենը որևէ հիմք չունի»,- նկատեց նա։

Արմեն Մանվելյանը նշեց, որ Մեծամորի ատոմակայանը հեռու է սեյսմիկ վտանգի գոտի լինելուց։

«Սեյսմիկ գոտիների քարտեզներ գոյություն ունեն, և դրանցում էլ է երևում, որ ատոմակայանը հեռու է սեյսմիկ գոտի լինելուց։ Այսինքն՝ սեյսմիկ վտանգի մասին խոսելն էլ հիմարություն է»,- շեշտեց էներգետիկ անվտանգության փորձագետը։

Նարե Գևորգյան