Ինչ խոստում է տվել Փաշինյանն Էրդողանին, Ազգային կոմիտեն կլուծարվի, Ձերբակալել են Արցախի նախագահին. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ հասկանալու համար, թե երբ եւ որտեղ է խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչ ժամկետում է խոստացել, ինչ ռիսկեր կան, եթե չկատարի եւ եթե չի խոստացել, ինչու չի հերքում։
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հետեւյալ գրությունը ստացանք. «Ի պատասխան Ձեր՝ 29.09.2023թ. գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի գոյություն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ»:
Էրդողանը, սակայն, պնդում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցք է խոստացել, եւ դա ասում էր՝ շատ հստակ մեջբերելով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրենց հեռախոսազրույցը: Ո՛չ նախկինում, ո՛չ էլ այս պատասխանով վարչապետ Փաշինյանը կամ նրա խոսնակը չեն հերքում Էրդողանին:
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Օրերս գրել էինք, որ վերջին պայքարը համակարգելու համար ձեւավորված Ազգային կոմիտեում լուրջ տարաձայնություններ կան: Դա է պատճառը, որ պայքարն ընդմիջվեց, նաեւ մարեց: Ազգային կոմիտեի որոշ անդամներ պայքարի մարտավարության եւ ռազմավարության հետ կապված միմյանց հետ խորը տարաձայնություններ ունեն:
Մոտ օրերս Ազգային կոմիտեն լուծարվելու է եւ Վազգեն Մանուկյանը Ազգային նոր կոմիտե է նախատեսում ձեւավորել, որի կազմում չեն լինի ներկայիս կոմիտեի անդամների մեծ մասը: Կընդգրկվեն հիմնականում անկուսակցական,ապաքաղաքական անձինք, որոնց հետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ պայքարը կհաջողի:
Հիշեցնենք՝ Մանուկյանից բացի ներկայիս Կոմիտեի անդամներն են Իշխան Սաղաթելյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ավետիք Չալաբյանը եւ Հայկ Մամիջանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն եւ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են մեր իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել: Այսպիսով, Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ:
«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն. այդպես էլ արեց Բաքուն: Հետաքրքիր է, որ այս ընթացքում Բաբայանը որեւէ պաշտոն չէր զբաղեցնում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում, ուստի որեւէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու, այն էլ՝ թշնամի երկրի հետ:
Հարց է առաջանում՝ ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի, իր հարցազրույցում էլ նա չէր բացահայտել դա: Հաշվի առնելով, որ Արցախում Սամվել Բաբայանը ոչ ընդունելի եւ անհասկանալի կերպար է, դժվար թե ԱՀ իշխանությունները նրան այդ կարեւոր հարցը վստահեին, մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ նրա մտերմությունը, թերեւս բացառվում է, որ առանց նրա գիտության Սամվել Բաբայանը բանակցություններ վարեր:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է միջնորդ հանդիսացել եւ Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ ստացել, որպեսզի Սամվել Բաբայանին մանդատ տրվի՝ Ադրբեջանի բանակցություններ վարելու: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ, որը, ինչպես միշտ, խուսափեց մեր զանգերին պատասխանելուց:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ, որը ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի մտերիմ ընկերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ չկա նման բան: «Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունեն. Սամվել Բաբայանն Արցախում է եղել, ուստի Արցախի իշխանությունների՝ Արայիկ Հարությունյանի հետ պետք է համաձայնեցներ, Անդրանիկ Քոչարյանը չէր կարող միջնորդ լինել»,-ասաց Մելքոնյանը:
Փաստ է, որ Բաբայանից հետո բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Հակարիի կամրջով անցան, կալանավորվեցին Բաքվի կողմից:
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները: Հարևան ագրեսոր պետությունը չբավարարվեց Արցախը զավթելով, միջնադարյան բարբարոսների նման ռազմագերիներ տարան` գլխատելով մեր երկրորդ հայկական պետությունը և անգամ իրենց ապօրինի պահանջները բավարարած պաշտոնյաներին չխնայեցին:
Մեր տեղեկություններով, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը և Արցախի ՊԲ հրամանատար գեներալ Կամո Վարդանյանը դեռևս Ստեփանակերտում են: Նրանց ճակատագիրը որոշվելու է վաղը: