Քննիչ հանձնաժողովը պետք է պարզի Գագիկ Մելքոնյանի ֆինանսական աղբյուրները

Քննիչ հանձնաժողովը պետք է պարզի Գագիկ Մելքոնյանի ֆինանսական աղբյուրները

«44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք Պաշտպանության նախարա՞րը պետք է ղեկավարեր պատերազմը, թե ԳՇ-ն: 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կպարզի՝ ԳՇ-ն մինչև պատերազմը ինչ հրամաններ է տվել, պատրաստվե՞լ են պատերազմի, թե՞ միայն թղթեր ենք ստորագրել, ԳՇ-ից ստացել ենք փաստաթղթեր և ուսումնասիրվում են, շատ բան է պարզաբանվելու»:  Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը:

Գեներալ Գագիկ Մելքոնյանը, ով 2018թ.-ից սկսած ստանձնել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական խմբակի փաստաբանի դերը, «հռետորական» հարցադրումներ է անում, թե ով է արդյոք հայոց բանակը տարել պարտության և 44-օրյա աղետի թիվ մեկ պատասխանատուն ով է: Այդ հարցի պատասխանը գիտի ողջ հայ ազգը՝ ցանկացած դպրոցական, սակայն Մելքոնյանի համար այդ հարցի պատասխանը «պարզ» կլինի միայն քննիչ հանձնաժողովի աշխատանքից հետո: ՔՊ-ականները ողջ կազմով պետք է 44-օրյա աղետից հետո անմիջապես հրաժարական ներկայացնեին, սակայն նրանք նախընտրեցին մնալ իշխանության և վայելել պաշտոնները: Քննիչ հանձնաժողովն ամեն ջանք գործադրելու է Փաշինյանից և ՔՊ-ի վերնախավից պատերազմում պարտության մեղքը «մանր ձկների» վրա բարդելու, հարցը «լղոզելու» համար: 

ՔՊ-ական հանձնաժողովն անգամ կարող է գալ այնպիսի եզրահանգման, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը պարտվել է, իսկ Ստեփանակերտը փրկվել է միայն Նիկոլ Փաշինյանի ռազմական հանճարի շնորհիվ: ՀՀ քաղաքացիները վաղուց չեն զարմանում ՔՊ-ականների վրա: Մեկ այլ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծվի նաև Գագիկ Մելքոնյանի համար՝ պարզելու համար նրա ֆինանսական մեծ կարողությունների աղբյուրներն ու 44-օրյա պատերազմին նրա մասնակցության ձևաչափը:

Վահրամ Բագրատյան