Բռնության քարոզը, ատելության խոսքը ամենաբացասական երևույթներն են․ Մանասյանը՝ ԱԺ-ի դիմաց ակցիայի մասին
ՀՀ ԱԺ-ն ՄԻՊ է ընտրում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին հարց ուղղեց՝ հիշեցնելով, որ գլխադասային հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ներկայացման օրը ԱԺ-ի դիմաց հասարակական մի կազմակերպություն ակցիա էր իրականացնում։
«Այդ մի քանի ժամանոց ակցիայի ընթացքում հնչել է ատելության խոսքի ՀՀ տարեկան դոզայի քառապատիկը։ Մասնավորապես՝ «նիկոլականների մարմինները պետք է գլխիվայր կախել Երևանի ծառերից», խոսքը պաշտոնյաների մասին չէ, այլ՝ սատարող քաղաքացիների։ Ինչպե՞ս եք գնահատում նման բնույթի խոսույթով ցույցերը: Իմ գնահատմամբ՝ սա ֆաշիզմի դասական դրսևորում է և ինչպե՞ս եք գնահատում այն, որ նմանատիպ ֆաշիստական խմբավորումների կողմից նրանց ներկայացուցիչները ընդդիմադիր քաղաքական գործիչների ձեռամբ բերվում են ԱԺ և ներկայացվում ոչ ավել, ոչ պակաս ՄԻՊ թեկնածու»,-հետաքրքրվեց Ալեքսանյանը։
Մանասյանը պատասխանեց, որ բռնության քարոզը, ատելության խոսքը ամենաբացասական երևույթներն են, որ կարող են լինել հասարակությունում։
«Բոլոր իրավիճակներում սա պետք է բացառել։ Ինչ վերաբերում է ՄԻՊ թեկնածուի ընտրության ամբողջ ընթացքին, քանի որ ես էլ այս գործընթացի մասնակից եմ, կոռեկտ չեմ համարում այլոց վերաբերյալ գնահատականներ հնչեցնելը, պարզապես մեկ հանգամանք կընդգծեմ, որ ՄԻՊ պաշտոնը, ի տարբերություն շատ այլ պաշոտնների, որևէ քաղաքական ներգրավվածություն ենթադրող պաշտոն չէ և հետևաբար վերջինիս ընտրությանը ևս պետք է վերաբերվել շատ լուրջ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում