Նոր բարքեր ու կարգեր ռադիոյում. հայագիտական հաղորդումը հեռացվել է՝ «տնօրենը Հայոց պատմություն չի ուզում» պարզաբանմամբ

Նոր բարքեր ու կարգեր ռադիոյում. հայագիտական հաղորդումը հեռացվել է՝ «տնօրենը Հայոց պատմություն չի ուզում» պարզաբանմամբ

Նախորդ տարվա ամառվանից Հանրային ռադիոյում նոր տնօրեն նշանակված Արմեն Քոլոյանն իր հետ նոր բարքեր ու կարգեր է բերել: 

Բոլորս ենք հիշում Քոլոյանի մուտքը, որն ուղեկցվեց սկանդալներով։ Նախ, պարզվեց, որ նա երկար տարիներ Հայաստանում չի ապրել և Հայաստան վերադարձել է գրեթե հենց նշանակման պահին, իսկ նշանակվելուց հետո Քոլոյանը թշնամի Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը բերեց կախեց ռադիոյում, և, միայն աշխատակիցների դժգոհության ալիքի ֆոնին, ժամացույցները, այդ թվում նաև ոչ պակաս թշնամի Անկարայի ժամանակը ցույց տվող, հեռացվեցին: 

Հիմա պարզվում է, որ Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ, ըստ ամենայնի, հենց իրենց ընդդիմադիր կեցվածքի պատճառով մնացել են առանց աշխատանքի. չնայած տասնամյակների աշխատանքային փորձին, այնուամենանիվ, նրանք հեռացվել են։ Նրանցից մեկը MediaHub-ի հետ զրուցում նշեց՝ սա այն դեպքում, երբ ինքը պատրաստ է եղել հայագիտական ուղղվածությամբ հաղորդումը վարել՝ չնչին գումարով։ 

«Նոր ղեկավարությունը 4 ամիս շարունակ այլ բան էր պահանջում. ներկայացնել նոր հաղորդումների առաջարկներ։ Այսինքն, քննարկում էինք դրանց ձևաչափը։ Ինձ առաջարկվեց նոր հաղորդումների վերաբերյալ հայեցակարգ ներկայացնել և ես առնվազն 4 նոր հաղորդում՝ համապատասխան նոր վերնագրերով, նոր ձևաչափերով ներկայացրել եմ։ Նաև առաջարկել եմ իմ հեղինակային «Ժամանակի վկան» հաղորդաշարում կառուցվածքային փոփոխություններ անել։ Ծրագրերի ղեկավար Նազելի Օհանյանն ասաց՝ «տնօրինության հետ կքննարկենք միասին», սակայն իրենք առանձին էին քննարկել։ Հետո Նազելին ինձ ասաց՝ «գիտե՞ս, մենք արդեն քննարկել ենք ու որոշել, որ թողնենք քո «Ժամանակի վկան» հաղորդաշարը՝ նույն վերնագրով, բայց արդեն 20 րոպեի փոխարեն 10 րոպե տևողությամբ, որն, ըստ պայմանագրի, պետք է եթեր գնար այս տարվա հունվարի 1-ից, բայց արդեն կրճատված աշխատավարձով»,- ասում է Հանրային ռադիոյում 24 տարվա աշխատանքային փորձ ունեցող, 8 հաղորդաշարերի հեղինակ, խմբագիր և վարող Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։ Չնայած անսպասելի առաջարկին, տիկին Իրինան համաձայնել է, քանի որ հաղորդաշարի հիմքում հայագիտական թեմաների պահպանումն է եղել։ 

«Այնպես չէ, որ մեր աշխատավարձը միշտ բարձր է եղել։ Մենք սկսել էինք 30 հազար դրամից, հասել 60 հազարի։ Եվ միայն նվիրումն է դրա ցուցիչը։ Վճարի կրճատումները վիրավորական չեն եղել, ինձ համար կարևորն այն էր, որ եթերում հնչեն այդ կարևոր թեմաները»,- նշում է մեր զրուցակիցը։ 

Բայց սա միակ անակնկալը չի եղել տիկին Իրինայի համար. «Երբ գրեցի մշակութային ծրագրերի ղեկավարին, ասելով, որ «Ժամանակի վկան» հաղորդումն արդեն նոր ձևաչափով պատրաստ է, ու կարող ենք քննարկել, ասաց՝ «հաղորդումն արդեն հանվել է եթերից, տնօրենը Հայոց պատմություն չի ուզում եթերում»։ Ես նրան ասացի, որ սեպտեմբերից կարող էիք ուղղակի տեղյակ պահել՝ հայեցակարգ պահանջելու փոխարեն»։ 

Կրպեյանի կողմից ներկայացված հաղորդումներից մեկի վերաբերյալ Նազելի Օհանյանն առաջարկել է մեկ տարվա կտրվածքով տալ ամենշաբաթյա եթերի վերնագրերը, որ նախապես իմանան, թե ինչ է հեռարձակվելու եթերում։ Սակայն, մեր զրուցակիցը մերժել է, մեջբերելով ունեցած դառը փորձը․ 
«Կարող եմ, բայց դրա փորձն ունեմ, երբ գաղափարը վերցնում սեփականացնում են»։ 

Տիկին Կրպեյանը, իմանալով, որ այլևս ռադիոյի աշխատակից չէ, 7 էջանոց նամակ է թողել թե՛ Քոլոյանի, թե՛ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի սեղաններին՝ ներկայացնելով իրավիճակը։ 

«Ռադիոյում բազմաթիվ կրճատումներ են եղել, վիրավորական խոսքերով աշխատանքից հեռացվել են արցախցի լրագրողների մեծ մասը, փակվել են նրանց հեղինակային հաղորդաշարերը, որոշ հաղորդումների խորագրերից հանվել է «ազգային» բառը: Սակայն, համոզված եմ, որ իմ նամակը նպաստել է, որ որոշ հայագիտական թեմաներ պահպանվեն»,- ասում է նա։

Կրպեյանը, սակայն, վստահ է, որ նրան աշխատանքից հեռացրել են իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով։

Նշենք, այսօր մամուլը գրել էր, որ այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են Ռադիոյի աշխատողներին՝ ուշադիր կարդալ նոր պայմանագրերը եւ հետեւողական լինել դրանք չխախտելու հարցում, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն։ Մասնավորապես, հատուկ կետ է մտցվել, որ Հանրայինի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ ու մեկնաբանություններ կատարելու գործող իշխանությունների մասին, հակառակ պարագայում կազատվեն աշխատանքից։

Սրան մեզ մնում է միայն ավելացնել, որ նույն Քոլոյանը բոլորովին վերջերս Հ1-ի եթերում մասնակցել է մի բանավեճի՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ռիսկերին ու հնարավորություններին նվիրված, և հարց է ծագում՝ ինչո՞ւ է նա համաձայնել մասնակցել նման ձևաչափով բանավեճի, որն ամենևին չի վերաբերում ԶԼՄ-ների գործունեությանը, լրագրողական համայնքին, լրագրողների խնդիրներին, այլ կոնկրետ բաժանում էր բանավեճի հյուրերին պրոամերիկյան և պրոռուսական ուղղվածություն ունեցողների: Եվ Քոլոյանը նույնիսկ չէր թաքցնում իր կողմնորոշումը, ինչը, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ չէ, երբ դու ներկայացնում ես ՊԵՏԱԿԱՆ լրատվամիջոց:

Քոլոյանն, օրինակ, ի պատասխան Հայաստանի գլխին կախված երկրորդ Ուկրաինա դառնալու սցենարի սպառնալիքի մասին հայտարարեց, բառացի մեջբերում. «Ջհանդամ, թե մեզ գործիք չեն սարքում...», ու այն կոնտեքստում, որ եթե դա պաշտպանելու է ՀՀ-ին անվտանգային առումով, ապա թող ԱՄՆ-ն մեզ գործիք դարձնի: Իհարկե, կարելի է անվերջ վիճել պարոն Քոլոյանի հետ այս թեմայով, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ հիմնական թիրախն ու նպատակը Իրանի դեմ օրերից մի օր մեկնարկող պատերազմն է և եթե պարոն Քոլոյանը կողմ է այդ սցենարին, որը միանշանակ կործանարար է լինելու Հայաստանի համար, ապա գուցե իր կողմից ներմուծված կանոնակարգերը՝ ստատուս չգրելու և չխոսելու մասով առաջին հերթին հենց իր նկատմամբ կիրառի՞:

Հունան Թադևոսյան