ՀՀ-ն ներում է Հունգարիային. իշխանությունը փորձում է ռեստարտ անել մեր հիշողությունը

ՀՀ-ն ներում է Հունգարիային. իշխանությունը փորձում է ռեստարտ անել մեր հիշողությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակն այսօր տարածեց մի հաղորդագրություն, որում նշվում է, որ նոյեմբերի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։

ԱԳՆ խոսնակի գործունեությանը հետևող ԶԼՄ-ները կփաստեն՝ ԱԳՆ-ն դեսպանների գործունեության մասին հաղորդագրություններով հազվադեպ է կիսվում, ինչից կարող ենք ենթադրել, որ այն կարևորություն ունի:

Եվ հաղորդագրության երկրորդ հատվածից հասկանում ենք, թե որտեղ է թաղված շան գլուխը.

«Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սա նշանակում է, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ճանապարհն է բռնել: Դե, լրիվ տրամաբանական՝ եթե Հայաստանը իր թշնամու հետ խաղաղության դարաշրջան է բացում, ապա նույն ուղեծրի մեջ է այդ թշնամու պատճառով Հունգարիայի հետ խզված հարաբերությունները վերականգնելը: 

Հիշեցնենք, 2004 թվականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, ադրբեջանցի ռամիլ սաֆարովը գիշերը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, նաև  մահափորձ իրականացրեց նույն դասընթացին մասնակցող սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ: Հունգարիայի դատարանը վճռեց, թե այդ արարքները կատարելիս սաֆարովը գործել է մասնավոր անձի կարգավիճակով, նրան արտահանձնեց Ադրբեջանին, իսկ Եվրոպական դատարանն էլ առհասարակ պատասխանատվությունից ազատեց սաֆարովին հայրենիք արտահանձնած Հունգարիային: Հայրենիքում սաֆարովը հռչակվեց ազգի հերոս, բարձր պարգևների արժանացել Իլհամ Ալիևի կողմից՝ ոչ միայն ազատվելով պատժի կրումից, այլև ստանալով հնարավոր բոլոր արտոնությունը “հերոսական արարքը” կատարելու համար:

Սպանությունից 16 տարի անց՝ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ-ն արձանագրեց,  որ Բաքուն խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով ռամիլ սաֆարովին... 

Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո Հայաստանը որոշում կայացրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Այս տարիների ընթացքում Հունգարիան մեկ անգամ չէ, որ խոսել է հարաբերությունները վերականգնելու մասին: 

Բայց դա, փաստացի, տեղի կունենա այսօր, քանզի ՀՀ իշխանությունները վստահ քայլերով փորձում են ջնջել Ադրբեջանի հայատյացության վկայությունները, նրանց վայրագությունները, որոնք հիմնված են հայերի հանդեպ ատելության պետական քաղաքականության վրա, հիմա էլ, ահա, արտաքին աշխարհի հետ հարաբերություններում մաքրագրում Բաքվի վայրագությունները՝ դրանք այլևս անկարևոր համարելով: Այս իշխանությունը փորձում է ռեստարտ անել մեր հիշողությունը:

Այո, Հունգարիան եվրոպական պետություն է, բայց քանի՞ կոպեկ արժե ժողովրդավարությունը, փաստացի նավթադոլարների ու մատակարարվող էներգակիրների հաշվին անտեսվող եվրոպական արժեքները, եթե մարդասպանին պատժի ենթարկելու պատասխանատվությունը քո վրայից գցում ես ու ձեռքերդ լվանում: 

Հայաստանը կվերականգնի Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Իսկ մի քանի տարի անց, կամ գուցե ավելի շուտ, ռամիլ սաֆարովն էլ կգա Երևան՝ ի ցույց դնելով այն, որ մի ամբողջ պետություն այդպես էլ չկարողացավ վրեժխնդիր լինել իրենից: Տեսնես, Գուրգեն Մարգարյանը, 44-օրյա պատերազմում զոհված տղաները մեզ կներե՞ն...