Ներքաղաքական ճգնաժամ. Ժամանակն աշխատում է հօգուտ ՔՊ-ի և Ադրբեջանի

Ներքաղաքական ճգնաժամ. Ժամանակն աշխատում է հօգուտ ՔՊ-ի և Ադրբեջանի

Բաքուն մտադիր է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Փաշինյանն ու թիմը կառավարության ոչ պաշտոնական ծրագրում նոր կետ են «մտցրել»՝ ամեն գնով հասնել Բաքվի և Անկարայի հետ խաղաղության: Այդ գինը կարող է լինել հայկական սուվերեն տարածքը, Արցախը, Սյունիքը: Ալիևն ունի բարձր տրամադրություն՝ «նախկինների» օրոք նա չէր կարող անգամ երազել, որ Շուշիում և Սյունիքում ադրբեջանական զորքեր են լինելու, իսկ Երևանում լինելու են այնպիսի իշխանություններ, որոնց համար Ադրբեջանի հետ խաղաղությունը լինելու է գերնպատակ: 

Թե ինչ նոր կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՔՊ-ի ու Ալիևի միջև պոստ-ֆակտում հայտնի կդառնա ՀՀ խաբված քաղաքացիներին արդեն որոշ ժամանակ անց: Հավանաբար, խոսքն այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» և Զանգեզուրի միջանցքի մասին է: Բաքուն ցանկանում է ՔՊ-ից կորզել առավելագույնը:

Սեփական կամքով կապիտուլյացիան ստորագրած ՔՊ թիմը երբեք չի հեռանալու՝ դա նրանք ապացուցել են այս տարիների ընթացքում՝ իշխանության պահպանումը նրանց համար «կարմիր գիծ» է:

ՀՀ-ում ամեն օր վատթարանում է սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ արտագաղթ, գնաճ, արտաքին պարտքի ավելացում, կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին, պետական համակարգի ՔՊ-ականացում:

ՔՊ-ն օգտվում է Արևմուտք-Ռուսաստան «սառը պատերազմից»՝ ռուսամետ «ձևանալով» Մոսկվայում և հակառուս ու արևմտամետ՝ Բրյուսելում և Վաշինգտոնում: ՔՊ-ականների այս «ճկունությունը» պետք է գրանցվի Գինեսի գրքում:

ՀՀ քաղաքացիները խորը ապատիայից դուրս գալու մեկ շանս ունեն՝ կամ հիմա, կամ՝ երբեք: Ժամանակն աշխատում է հօգուտ ՔՊ-ի և Ադրբեջանի:

Վահրամ Բագրատյան