Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի խաչմերուկում բախվել են «Volvo» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով թերթի կրպակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները մարել են «Opel Zafira»-ում առաջացած կրակը և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։