Լուսինե Կիրակոսյանի թաղման համար կառավարական հանձնաժողով չի ստեղծվի

Երեկ հայտնեցինք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։ Նա 76 տարեկան էր, վերջին շաբաթներին բուժում էր ստանում «Էրեբունի» ԲԿ-ում։
MediaHub.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կիրակոսյանի համար թաղման հանձնաժողով է ստեղծվելու հաշվի առնելով նրա ավանդը հայ մշակույթի, մասնավորապես՝ թատրոնի զարգացման գործում։
«Ո՛չ, հանձնաժողով չի ձևավորվելու, քանի որ Կիրակոսյանը վաստակավոր արտիստ է։ Իսկ հանձնաժողով ձևավորում են ժողովրդական արտիստների մահվան դեպքում»,- ասացին նախարարությունից։
Նշենք, որ վերջին տարիներին Կիրակոսյանը բազում անգամներ հայտնել է, որ անտեսված է, որ թատրոնում դեր չի ստանում, ինչն էլ իրեն սպանում է։
«Ասում են՝ հիվանդ ես, բայց չեն մտածում, որ հենց թատրոնից հեռու լինելն է ինձ հիվանդացնում։ Թող դեր տան, եթե չկարողանամ խաղալ, նոր թող ասեն, որ էլ տեղ չունեմ թատրոնում»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր Լուսինե Կիրակոսյանը։
Նշենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։ Այս մասին հայտնում են Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնից։
Նարե Գնունի