Արդեն հասանելի են «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի տոմսերը

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի տոմսերն արդեն հասանելի են: Այս մասին հրապարակվել է այս տարվա մրցույթի պաշտոնական ինստագրամյան էջում:
«Ե՞րբ են «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը վաճառվելու. այս հարցն այլևս արդիական չէ: Այո, այո․ սա այն օրն է, որին բոլորս այդքան սպասել էինք. «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» տոմսերի վաճառքը սկսված է։ Բաց չթողնեք տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությանը ներկա գտնվելու հնարավորությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ մրցույթն այս տարի կայանալու է Երևանում դեկտեմբերի 11-ին: Այն կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Նարե Ղազարյանը: Նա 14 տարեկան է, երգում է 8 տարեկանից: Նարեն երգահան Գրիգոր Կյոկչյանի սանն է: