Երբ խփվում է Հայրենիքի դագաղի վերջին մեխը, իսկ Անկախության տոնը մնում է անցյալում

Երբ խփվում է Հայրենիքի դագաղի վերջին մեխը, իսկ Անկախության տոնը մնում է անցյալում

Սեպտեմբերի 21-ն է:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեին պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին՝ իր հստակ «այո»-ն ասելով (99,51%)։ Այս տողերի հեղինակն էլ, երեխա, հանրաքվեի նախօրեին հասակակիցների հետ փողոցում անցորդներին հարց էր տալիս՝ «այո», թե՝ «ոչ», իրականում գաղափար չունենալով, թե ինչի մասին է խոսքը, բայց համընդհանուր ոգևորության մեծ զգացումով:

31  տարի անց մենք այլևս չունենք անկախություն, թեև դե-յուրե, իբրև թե, անկախ ենք: Անկա՞խ ենք, ո՞ւմից կամ ինչի՞ց, եթե սեփական երկրի ու ճակատագրի համար մեր փոխարեն որոշումներ են կայացնում, իսկ մենք չենք կարողանում հակառակվել մահացու ու երկիրը դեպի անդունդ տանող այդ որոշումներին: Դե ֆակտո մեր անկախությունը, ինչպես և արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր սերունդը, մեր ԱՊԱԳԱՆ մեզնից խլել են: Խլել են մարդիկ, որոնց ձեռքից այդ դավաճանական գործիքակազմը ոչ ոք այդպես էլ չվերցրեց, և իրենք դեռ շարունակում են պաշտոնավարել, շարունակում են մեր անունից որոշումներ կայացնել, ուղարկել մեր երեխաներին սահմանին զոհվելու հանուն բզկտված Հայրենիքի, որի պատմության գիրկն անցնելու վերջնահաշվարկը սկսվել է: Չեմ ուզում ասել՝ չկա, որովհետև մենք դեռ կանք, այն գիտակից հատվածը դեռ կա, թեև հնարավորինս այն փորձում են արմատախիլ անել ու ինչպես մեր գենոֆոնդն են հետևողականորեն ոչնչացնում վերացնել: Բայց դեռ որքա՞ն կդիմանանք, կհերիքե՞ն ուժեր: Սա է հարցը, որին հստակ պատասխան տալուց հետո նորից կարող ենք ասել, որ որևէ տոն նշելու կամ հիշատակելու իրավունք ունեն այս երկրում:

2018 թվականից անկախության դագաղի մեխերը սկսեցին խփվել, ու դեռ խփվում են՝ ելք, կարծես, չկա: Փրկիչները, որոնք այդ ելքը ցույց են տալիս, շատ են, բայց գործուն քայլերը ուշանում են... կամ գուցե դեռ ժամանակը չէ, բայց ե՞րբ կգա այդ ժամանակը:

Տարիներ առաջ այս օրը՝ ռազմական շքերթ, տոնական միջոցառումներ ամբողջ հանրապետությունով մեկ, մեկիս մյուսին ուղղված շնորհավորանքներ, նաև, այո, հպարտության զգացում: Այսօր երկրի ղեկավարի սպասարկու ոստիկանները պատ են կանգնում, որպեսզի այդ նույն պաշտոնյան հանկարծ չառերեսվի քաղաքացիների հետ: Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բառացիորեն շպրտում են, մարմնական վնասվածքներ հասցնում, որպեսզի ՆԱ հանկարծ չտեսնի այն ծնողներին, ում որդիներին զոհել է հանուն սեփական ինչ-ինչ ծրագրերի ու դեռ շարունակում է: Ափսոսանք, ամոթի զգացում, ցավ, իրական ցավակցություն… որևէ մեկս այս զգացմունքների ներկապնակը նրա ու իր մերձավորների մոտ այդպես էլ չտեսանք, հիմա էլ չենք տեսնի՝ արարը մոտենում է ավարտին, հանդիսատեսը լուռ հետևում է, թե է՛լ ինչ է լինելու:

Ասել, թե այսօր Անկախության տոն է, սրբապղծության պես մի բան է. քանի դեռ մենք զբաղվում ենք ինքնախաբեությամբ, հույսեր փայփայում, թե մեր փոխարեն որոշումներ կայացնողներ կլինեն, օվկիանոսի այն կողմից կամ հյուսիսից փրկիչներ կգան, մեր փոխարեն մեր երկիրը կպաշտպանեն, մեր արժանապատվությունը կվերականգնեն, սահմաններն էլ կվերադարձնեն՝ արդեն ոչ թե միամտություն է, այլ հանցավոր մեղսակցություն, որի համար բոլորս ենք պատասխանատու:

Լիա Խոջոյան