Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ․ Միրզոյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ 

Խանդանյանը  դիտարկեց, որ վերջին շրջանում, հատկապես թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ, Ադրբեջանի նախագահը ուղերձներ է հղել, որոնք ընկալվում էին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքներ: Նա հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի նախարարն այս մասով և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։

Միրզոյանը պատասխանեց, որ երևույթը նոր չէ՝ մի կողմից բանակցային գործընթաց է տեղի ունենում, մյուս կողմից՝ Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի է սրվում։

«Վերջին շրջանում էլ ավելի է սրվել թե՛ հայատյացության քարոզը, թե՛ ուղղակի սպառնալիքները, Ադրբեջանի նախագահը նույնիսկ հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու։
Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը անգամ հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, որ Հայաստանում իրենց 29,000 քա կմ-ի վրա հայերը հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները և այլն։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, հռետորաբանությունը կա, բայց միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են»,-ասաց նա և հիշեցրեց Ալիևի խոսքերը։

Նախարարն ընդգծեց, որ իրենք հաստատակամ են, իրենց դիրքորոշումը չի փոխվել և նպատակ ունեն տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել։ 

Ադրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը համարում է՝ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են։ Իսկ Ադրբեջանի գործողությունների մասին վերջինս նշեց․ 

«Այստեղ պիտի արդեն կասկած հայտնենք հետագա բանակցությունների վերաբերյալ, այսինքն ինչ իմաստ ունի անընդհատ ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշակի ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից։ Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում: