Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ Հաղորդում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։ Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կնդունի համաշխարհային կոնգրես»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։։
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։ Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն։ Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։
Բռնցքամարտի ֆեդերացիան հիշեցնում է, որ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը՝ նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ։