Գուցե եզրակացություն անե՞ք, Ընդդիմադիրները հիասթափված են․ Մամուլը՝ սուրճով

Գուցե եզրակացություն անե՞ք, Ընդդիմադիրները հիասթափված են․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ նա լինի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Բայց մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ: Որոշ ժամանակ, կարծես, ինչ-որ բան էր փոխվել այդ առումով: Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, քիչ է ասել, թե ծանր տպավորություն թողեց:

Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության առնվազն 90 տոկոսը ձեզ տեսնելիս կոշտ արձագանք է տալու, «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և նման այլ բացականչություններով է դիմավորելու, առավել ևս, որ հենց հիմա հանձնողականության հերթական փուլն եք կյանքի կոչում, պետք է որ խուսափեք նման մարդաշատ վայրերում զավակների հետ հայտնվելուց: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե տեսնելով, որ երեխա կա, մարդիկ ավելի զուսպ կարող էին լինել: Այլ պայմաններում նրանք, գուցե, իրավացի լինեին: Բայց այսօր ո՛չ «այլ պայմաններ» են, ո՛չ էլ, առավել ևս, սովորական վիճակ է:

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա ընտանիքի անդամները, թե՛ նրա յուրաքանչյուր թիմակից վերջապես սա պետք է հասկանա, պետք է հասկանան նաև, որ նրանք տանից դուրս գալու յուրաքանչյուր պարագայում նման արձագանք են ստանալու՝ նույնիսկ տասնյակ թիկնապահներով շրջապատված. սա հանրության իրական վերաբերմունքն է իրենց նկատմամբ: Հենց իրական, ո՛չ ֆեյքային, ո՛չ ֆեյսբուքյան, ո՛չ «կաբինետների» ու «պադավատների» պատուհանից երևացող, ավելի ստույգ՝ թվացող: Ուրեմն, հատկապես անչափահաս երեխաներին հնարավորինս պետք է զերծ պահել նման վիճակներից. դա ծանր, գուցե անջնջելի հոգեբանական հետևանքներ է թողնելու այդ երեխաների ներաշխարհի վրա, նրանք դա երբեք չեն մոռանալու: Ու սա վերաբերում է ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվող բոլորին:

Երեխաները, կրկնում ենք՝ հատկապես անչափահասները (չափահասներն իրենք կարող են նաև որոշում կայացնել ու պատասխանատվություն ստանձնել) չպետք է դառնան իրենց ծնողների քայլերի զոհը: Կրկնենք, չափազանց ծանր էր երեկվա պատկերը: Իսկ գուցե այս ամենից պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ, հատկապես, երբ խոսվում է արժանապատվություն ունենալու մասին...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, թե քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում խոշտանգման ենթարկված Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին որ քրեական գործով են փորձել հարցաքննել: Մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ նրան քննչական բաժին են հասցրել 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ասել է թե՝ այդ արտասովոր գործով աղմկահարույց հարցաքննություննները շարունակվում են:

Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Ավելին՝ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան. դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին մարդկանց մասնակցությունից: Այն չնայած բազմամարդ էր, ըստ որոշ հաշվարկների` 70 հազարի չափ մարդ է մասնակցել, բայց, ըստ ընդդիմադիրների, այս տարի զիջում էր նախորդ տարիներին: Մինչդեռ այս տարի՝ Արցախում կատարված էթնիկ զտումներից, Արցախի հայաթափումից, Տավուշում կատարվող դեպքերից հետո ակնկալել են, որ ավելի բազմամարդ կլինի։

Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է հուսահատության մատնել նրանց, մյուս կողմից՝ ընդդիմության պասիվությունն ու ոչինչ չձեռնարկելը փոխանցվել է հանրությանը եւ ապատիա ու անհուսություն առաջացրել:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձին կանդրադառնանք: Բայց մի հատված ուղղակի չէր կարող անտարբեր թողնել, քանզի ամբողջությամբ բնորոշում է Փաշինյանի ու իր թիմի պաշտոնավարման ողջ ընթացքը: Ահավասիկ, «հոգեցնցում»-ախեղդ այդ տեքստում մասնավորաբար գրված է. «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»:

Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ»: Այ, այս մոտեցմամբ էլ առաջնորդվում են առնվազն վեց տարի շարունակ: Դե, իհարկե, իրենց համար արցախցիների հայրենազրկումը հո դատավճիռ չէ: Նրանք էլ են «գտել այդ հայրենիքը»՝ ի դեմս Հայաստանի: Վաղը դատավճիռ չի լինելու տավուշցիների, ոսկեպարցիների, կիրանցեցիների հայրենազրկումը: Մյուս օրը դատավճիռ չի լինելու Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի մեր հայրենակիցների հայրենազրկումը: Ու այդպես, քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը: Հա, ու կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի «գտած հայրենիքում» «կաթ ու մեղր է հոսում»:

Ի դեպ, կարող է նույն հաջողությամբ հայտարարել, որ հայրենազրկված միլիոնավոր հայերի համար ամերիկաներում, եվրոպաներում «կաթ ու մեղր է հոսում», ուրեմն նրանք էլ այնտե՞ղ են գտել իրենց «հայրենիքը»: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որքան որ դեռ թողել է Նիկոլ Փաշինյանը, ապա, այո, իր և իր քպականների համար, ինչ խոսք, «կաթումեղր» էլ է հոսում, շքեղ բնակարաններ, առանձնատներ, թանկ ավտոներ էլ են «հոսում»: Բայց՝ միայն իրենց համար: Իսկ նույն Փաշինյանի կողմից շարունակաբար կորստի մատնվող մեր հայրենիքում, նրա վարած «ստեղծագործ քաղաքականությունների» հետևանքով արդեն 4 տարի է, ինչ անդադար արյուն է հոսում, արցունք է հոսում, տարածքներն են հոսում, երկրի պաշտպանունակությունն է հոսում...