44-օրյա պատերազմից հետո 1170 արցախցի ընտանիք ՀՀ-ում բնակարան է ստացել

44-օրյա պատերազմից հետո 1170 արցախցի ընտանիք ՀՀ-ում բնակարան է ստացել

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է  Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը։ Նույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը հայտարարում է, թե ովքեր չեն ցանկանում ապրել իրենց տարածքում, կարող են հեռանալ։ 

MediaHub-ը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք գերատեսչությունը նման սցենար դիտարկել է և եթե այո, ապա քանի արցախցու է հնարավոր ապահովել աշխատանքով ու բնակարանով։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից փոխանցեցին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նման սցենար չի դիտարկվում։

«Միևնույն ժամանակ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարության կողմից իրականացվել են 44-օրյա պատերազմի հետևանքների չեզոքացմանն ուղղված 20-ից ավելի ծրագրեր, այդ թվում նաև՝ քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման նպատակով։

Այս պահին նախարարության կողմից իրականացվում և ընթացքի մեջ է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։

 2023թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ ծրագրի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման հավաստագիր է ստացել 3729 ընտանիք, որից 1170-ի բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում»,-ասված է գրավոր պատասխանի մեջ։