Պատերազմում վիրավորված Արթուրն արդեն քայլում է․ առաջին քայլերը՝ դեպի Եռաբլուր

«Երբ երկարատև բուժումներից հետո պրոթեզավորված ու վիրավոր ոտքերով սկսեց առաջին քայլերն անել, առաջին բանը, որ ցանկացավ՝ Եռաբլուր գնալն էր»,-եղբոր՝ Արթուրի մասին MediaHub-ին պատմում է արցախցի Անուշ Ավանեսյանը։
Ուրախությանը չափ չկա, Արթուրը մեծ դժվարությամբ, բայց քայլում է։
«Քանի՜-քանի՜ մայրեր ու քույրեր կերազեին, որ իրենց տղաներն էլ կիսատ, բայց տուն դառնային»,-ասում է քույրը, պատմում, որ երեկ 2020 թվականին զոհված եղբոր՝ Արմանի ծնունդն էր։ Քույր ու եղբայր գնալու, ծաղիկներ խոնարհելու, լացելու տեղ չունեին, ուստի ամենանախընտրելի վայրը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնն էր։
«Այնտեղ ցավը հասցե չունի, բոլորը մեր Արմաններն են, մեր եղբայրները։ Հերթով մոտենում էինք տղերքի շիրմաքարերին, զուգահեռ՝ զոհված հերոսների ծնողներն էին մեզ մոտենում, սրտացավություն ցուցաբերում, հուսադրում, իրենց օգնությունն առաջարկում։ Բոլորը հավանաբար Արթուրի մեջ իրենց որդիներին էին փնտրում»,-ասաց նա։
Անուշ Ավանեսյանի 3 եղբայրներն անցել են պատերազմների արհավիրքով։ Արմանը զոհվել է 44-օրյայի ժամանակ, նրան հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում։ Արթուրն ու Արայիկը 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ միասին նույն դիրքում են եղել։ Արթուրը ծանր վիրավորում էր ստացել, նրան դիրքից տարհանել է կրտսեր եղբայրը։ Արթուրի ձախ ոտքն ամպուտացված է, մյուսը՝ երկաթներով հավաքված։ Իսկ բուժումն առ այսօր շարունակվում է։
«Երևան տեղափոխվելուց հետո տուն-հիվանդանոց ամենօրյա երթուղին անփոփոխ էր։ Հիմա ուրախ եմ, որ նա արդեն քայլում է։ Եռաբլուրում մեր եղբայրներին հարգանքի տուրք մատուցեցինք ու շնորհավորեցինք Արմանիս ծնունդը, որ մնացել է գերեվարված Արցախում։ Երբ որդի կորցրած մայրերի հետ զրույցի մեջ մտանք, նրանցից մեկն ասաց՝ «հավատս չեմ կորցնում հետ վերադարձի, Աբուլիս երիտասարդ կյանքն է մնացել Արցախում, դեռ խաչքար պիտի տեղադրեմ նրա հիշատակին»: Արթուրն ասաց՝ «երբ որդի կորցրած մայրն է այդպես ասում, ուրեմն լավ կլինի»»,-հավելեց Անուշը։
Հունան Թադևոսյան