Արցախցիները բողոքում են Երևանի քաղաքապետարանից

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն արձանագրում են, որ այն արցախցիները, որոնք Երևան են տեղափոխվել, մայրաքաղաքի վարչական շրջաններից աջակցություն չեն ստացել։
Արցախցիներից մեկն, օրինակ, ասում է, որ ապրում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ընտանիքում 10 անձ են, 4-ը՝ անչափահաս, բայց ոչինչ չեն ստացել, նույնիսկ Կարմիր խաչից։ Արաբկիր վարչական շրջանում էլ 6 անձից բաղկացած ընտանիք կա, 4-ը՝ կրկին անչափահաս, ոչինչ չեն ստացել, բացի Կարմիր խաչի տրամադրած չոր սնունդից ու հիգիենայի պարագաներից։ Եվ այսպիսի օրինակները շատ են՝ արցախցիները հարցման տակ են ներկայացրել իրենց երևանյան առօրյան, համեմատելով այն մարզերի հետ:
MediaHub-ը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ մայրաքաղաքում բնակվող արցախցիները քաղաքային իշխանությունից աջակցություն չեն ստանում, մինչդեռ մարզերում բնակություն հաստատած բռնի տեղահանված մեր հայրենակիցներին համայնքային իշխանությունները օգնություն ցուցաբերում են։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ քաղաքացիները դիմում են վարչական շրջաններին, հետո ընտանիքներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության բնաիրային փաթեթներ։
«Հավաքագրվում է նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը փոխանցվում է Կարմիր խաչի հայաստանյան կազմակերպությանը, այսինքն այդ բնաիրային փաթեթները քաղաքացիներին Կարմիր խաչն է տրամադրում»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ թաղապետարանները ևս իրենց ունեցած ռեսուրսներով որոշակի աջակցության են իրականացնում։
Դիտարկմանը, թե կան կոնկրետ դեպքեր, երբ արցախցիներն ասում են՝ ոչինչ չեն ստացել, Կոստանյանը նշեց, որ այդ դեպքերը կուսումնասիրվեն։
Լիաննա Թորոսյան