Նիկոլից հետո ՔՊ-ականները մասսայաբար իջնում են գետնի տակ

Նիկոլից հետո ՔՊ-ականները մասսայաբար իջնում են գետնի տակ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին իջավ գետնի տակ... ոչ այնպես, ինչպես շատերը մտածեցին կամ ցանկանում են, այլ մետրոյով էր որոշել գնալ աշխատանքի. «Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի»:

Այս օրինակը, փաստորեն, վարակիչ է. ՔՊ-ականները, որոնք մի քանի տարի է խուսափում են մարդամեջ դուրս գալ, որպեսզի իրենց ու  հարազատների հասցեին ողջ ճշմարտությունը չլսեն հանրությունից, մասսայաբար շտապեցին դեպի մետրո: Ավելին՝ ՔՊ-ախցանում են առաջացրել շարժասանդուղքի վրա՝ հերիք չի մի քմ վրա մի քանի ՔՊ-ական պատգամավոր էր, մի բան էլ լուսանկարվում էին, որ անպայման «Ֆեյսբուքում» հրապարակեն, որ պաշտելի շեֆը դա տեսնի ու, թերևս, գովա թիմակիցներին իրենից առանց հապաղելու օրինակ վերցնելու համար:

ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Ալեքսեյ Սանդիկովը, նախկին իշխանությունների սխալ համարվող Շիրակ Թորոսյանը, Փաշինյանի ընտանիքի քավոր Վահե Ղալումյանը (համոզված ենք՝ կյանքում առաջին անգամ էր տրանսպորտով երթևեկում, այն էլ՝ մետրոյով) շարժասանդուղքի վրա հպարտ կեցվածքով լուսանկարվում են: Նրանց հետ է նաև ոմն Ռոման Տերտերյանը, ով ՔՊ-ամերձ շրջանակների ակտիվ ներկայացուցիչ է՝ նախ, եղել է 2023 թվականի վերջին մահացած ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի օգնականը, իսկ հիմա նույն խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի նշանածն է:

Վստահ ենք՝ շարքը շարունակելի է և դեռ էլի կգտնվեն խիզախ ՔՊ-ականներ, որ ձևական գոնե մի անգամ մետրոյով կերթևեկեն՝ իբրև թե ցույց տալու համար, թե մոտ են ժողովրդին: Սակայն այդ նույն ժողովուրդը երկրորդ անգամ այդ նույն կուտը, որով սրանց բերեց իշխանության, դժվար թե ուտի...