Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Նա առաջադրվել է Պակիստանի Համաշխարհային դաշինքի կողմից։
PWA-ն հայտարարել է, որ Խանին առաջադրել են Պակիստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների մեջ ունեցած ներդրման համար։
Պակիստանի նախկին վարչապետը, ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Շարժում հանուն արդարության» հիմնադիրը, երկրորդ անգամ է առաջադրվել այս հեղինակավոր մրցանակին։
2019 թվականին նա առաջադրվել էր Հնդկաստանի հետ ռազմական լարվածությունը թուլացնելու ջանքերի համար, և այնուհետև Պակիստանի խորհրդարանում բանաձև է ներկայացվել՝ աջակցելու նրա թեկնածությանը:
Այնուամենայնիվ, Խանն ասել է, որ արժանի չէ Նոբելյան մրցանակին։ Ըստ նրա՝ այն պետք է ստանա այն քաղաքական գործիչը, ով «վերջնական լուծում է բերել Քաշմիրի շուրջ Պակիստանի և Հնդկաստանի վեճին և ճանապարհ հարթել թերակղզում խաղաղության համար»: