Անդրանիկ Քոչարյանին մերժողները շատացել են, Տնային կալանք եւ վարչական վերահսկողություն․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու եւ ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:
Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։ Չնայած Աղազարյանը երեկ կաշվից դուրս եկավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, եւ ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալ, ու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին` նախկինում կայացրած բարդ որոշումների համար, սակայն դա էլ նրան չի փրկի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի ներսում վերջին օրերին ակտիվ քննարկում են լավ առիթ դարձնել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շուրջ լրագրողական ճնշումը եւ վերջապես ազատվել խարդավանքներ հրահրող Քոչարյանից:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի վարքագծով վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին` ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր», եւ արգելել էր իրեն հարց ուղղել ու հիմա էլ հրաժարվում է ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շատ պատգամավորներ տարբեր խմբերով ե՛ւ աշխատասենյակներում ե՛ւ խմբակցության մինի ձեւաչափով քննարկումների ժամանակ ասել են, որ անթույլատրելի է «ծերուկի պահվածքը», եւ, կարելի է ասել, խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանն արդեն մենակ է մնացել:
Նկատենք, որ Քոչարյանի հետ շփվում են հիմնականում ՔՊ-ական երկու կանայք` Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը, ովքեր եւս թիմում շատ լուրջ խնդիրներ ունեն: Նրանք մեկուսացած են, մի կողմ քաշված եւ չհասկացված:
Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար, որ իր թիմակիցը չափ ու սահմանն արդեն կորցրել է, սակայն ԱԺ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտեցին ակցիան մինչեւ վերջ իրականացնելուն: Այս դեպքն այնքան անթույլատրելի էր, որ նույնիսկ ՔՊ-ի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն անդրադարձավ դեպքին` գրելով, թե հետեւում է իրադարձություններին:
Ընդդիմությունն էլ մտադիր է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել` քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որի մասով կտրվի եզրակացություն, եւ ԱԺ-ն պետք է կայացնի որոշում` Անդրանիկ Քոչարյանին զրկել պատգամավորական մանդատից, թե ոչ»:
«Հրապարակը» գրում է․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեռեւս տնային կալանքի տակ է։ Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանին արգելվել է լքել իր բնակության վայրի տարածքը, քաղաքական գործունեությամբ զբաղվել և մինչև դատավարության ավարտը շփվել որևէ մեկի հետ՝ բացի ընտանիքի անդամներից: Տնային կալանքի ընթացքում նրան կարող էին այցելել միայն պաշտպանները և ԱԺ պատգամավորները: Նրանք Աշոտյանին տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։
Արմեն Աշոտյանը հանրության հետ շփվում էր հոդվածների և հարցազրույցների միջոցով, որոնք փաստաբանները փոխանցում էին մամուլին կամ տեղադրում սոցցանցերում:
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ վերջերս Աշոտյանի վերաբերյալ քրգործով դատական նիստին խափանման միջոցի պայմանները դատարանը փոքր ինչ բարելավել է․ նրան տեսակցելու թույկտվություն են ստացել նաև իր գործընկերները՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամները։
Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ մանրամասներ ներկայացնելով․ «Վերջին նիստով թույլատրվեց ԳՄ-ի անդամների տեսակցությունները՝ 21 հոգի, այդ թվում 3 պատգամավորները, որոնք կարող էին տեսակցել։ Եւս 17 հոգի՝ բացառությամբ Կարեն Ավագյանի»։
Ինչո՞ւ է դատարանը արգելել Կարեն Ավագյանին այցելել Աշոտյանին, պաշտպանն ասաց՝ գաղտնալսումներից մեկում Կարեն Ավագյանի անունը հիշատակվում է, դատարանն ասել է՝ այս մարդը գործի հետ առնչություն ունի, դրա համար թույլ չեմ տալիս։
Սահմանափակումներ կա՞ն տեսակցության ժամանակ, օրինակ՝ ժամային, օրերի, փաստաբանն ասաց՝ չկա նման սահմանափակում, սակայն զանգել չի կարելի։
Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նա 6 ամսից ավելի կալանավորված էր, ապա կալանքը փոխարինվեց տնային կալանքով: