Դատավորի փոխարեն լինեի՝ ուրիշ որոշում կկայացնեի․ Արկադի Բարսեղյանի փաստաբան

Դատավորի փոխարեն լինեի՝ ուրիշ որոշում կկայացնեի․ Արկադի Բարսեղյանի փաստաբան

Ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, որ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի գործով մեղադրվող Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը երկու ամսով երկարաձգվել է։ Ի դեպ, Արկադի Բարսեղյանի փոստաբանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե «հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել»։

Այսօր էլ փաստաբան Վլադիմիր Մինասյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշման հետ համաձայն չեն։

«Դատարանից հարցրեք, թե որն էր այս որոշման պատճառը։ Գործը դեռ ընթացքի մեջ է, նախաքննության փուլում է, ես ներկայացրել եմ բոլոր այն ապացույցները, որոնք եղել են ձեռքիս տակ»,- ասաց նա։

Հարցին, թե ներկայացվե՞լ են այն տեսանյութերը, որոնց մասին փաստաբանը ավելի վաղ էր հայտնել MediaHub-ին՝ ընդգծելով, որ ըստ այդ տեսանյութերի՝ ակնհայտ է, որ Արկադին այլ վայրում է եղել, վերջինս պատասխանեց՝ այո, ներկայացվել են։

«Եթե մի դատավոր կարողանում է 30 էջանոց որոշումը 1 ժամում գրել, արդեն պարզ է, թե որոշումն ինչով է պայմանավորված։ Ես, որ դատավորի փոխարեն լինեի, ուրիշ որոշում կկայացնեի, գուցե չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել, ասում են՝ նախաքննական մարմինը թող մինչև վերջ բոլոր գործողություններն անի ու որոշում կայացնի, չգիտեմ։ Ամեն դեպքում, բողոքարկել եմ, սակայն մինչև հիմա նույնիսկ առաջին բողոքիս պատասխանը չեմ ստացել»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։

Լիաննա Թորոսյան