Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ․ Արկադի Բարսեղյանի պաշտպան

Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ․ Արկադի Բարսեղյանի պաշտպան

Արկադիին կալանավորելու մասին դատարանի որոշումը վաղուց ենք բողոքարկել, բայց մինչև հիմա պատասխան չենք ստացել։ Չգիտենք, թե դատավորներից ում է մակագրվել գործը, երբ է լինելու դատական նիստը։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու անչափահաս երեխաների սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։ 

Հիշեցնենք նաև, որ սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արկադի Բարսեղյանն իր մեղավորությունը չի ընդունում. Նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։ 

«Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որոնց եզրակածությունները դեռ չկան»,-ասաց նա։ 

Նշենք նաև, որ ինչպես ավելի վաղ MediaHub.am-ը հայտնել էր, աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործի նախաքննության շրջանակում, ուշ երեկոյան, երբ գյուղում մարդկանց շարժը դադարել է, ենթադրյալ հանցագործներին բերել են սպանության վայր՝ դեպքի վայրի նկարագրության համար։ Արկադի Բարսեղյանի փաստաբանն ընդգծեց, որ իր պաշտպանյալին ոչ մի տեղ չեն տարել։

Լիաննա Թորոսյան