Իշխանության հետ կոալիցիան մեկ դեպքում է հավանական․ Վիկտոր Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է իր խոսքով՝ մասնագիտացված թիմով։
MediaHub-ի հետ զրույցում Մնացականյանը նշեց, որ ընտրական ցուցակը գաղտնի չեն պահում, բայց քաղխորհրդի վերջնական որոշում դեռ չկա, քանի որ «Հաղթանակ» կուսակցությունից ընտրվելու են այնպիսի ավագանու թեկնածուներ, որոնք քաղաքային կառավարման ոլորտում փորձառու կլինեն։
«Մենք պետք է հասկանանք, թե որոնք են Երևանում ամենամեծ խնդիրները, որոնց հիմքով էլ առաջ կգան այն մարդիկ, որոնք առկա խնդիրների մասնագետները կլինեն։ Ցուցակը ես եմ գլխավորելու»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք այլ ուժերի հետ կոալիցիա կազմելը հավանական է, վերջինս պատասխանեց․ «Իհարկե, հավանական է, բայց չեմ կարծում, որ նույնը հնարավոր է իշխանության հետ։ Չնայած, սա հավանական է միայն այն դեպքում, եթե իշխանությունը հետ վերցնի այն շինթույլտվությունները, որոնցով Երևանի տեսքի հերն են անիծում, հետ տնկեն Մոսկովյան փողոցի հացենիները, որոնք սպանվեցին, ոչնչացվեցին»։
Ճշտող հարցին՝ որ ուժերն են իրենց համար մրցակից, Մնացականյանն արձագանքեց, որ որպես կուսակցություն ոչ մեկին էլ մրցակից չեն համարում, փոխարենը բոլորին գործընկեր են ընկալում։
«Որևէ մեկի հետ դաժան պայքարի մեջ մտնել չենք ուզում։ Մենք ուզում ենք մեր քաղաքը մրցակցային դարձենք, որ հարիր լինի 21-րդ դարին, մեր պայքարը քաղաքական չէ, ի տարբերություն շատերի՝ մենք հայտ չենք ներկայացնում, որ հետո պառլամենտ գնանք»,-շեշտեց Մնացականյանը։
Դիտարկմանը, որ կան ուժեր, որոնց նպատակը նաև իշխանափոխությունն է, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց․
«Մեր առաջնային խնդիրը Երևանը մրցակցային քաղաք դարձնելն է՝ ապահով, բարվոգ»։
Լիաննա Թորոսյան