Մարտակերտի, Կաշենի և մի քանի այլ ուղղություններով հակառակորդը ուժեր է կուտակել․ Սամվել Բաբայան

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանը ուժեր է կուտակել Արցախի սահմանին։
MediaHub-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտնեց, որ Մարտակերտի ուղղությամբ, Կաշենի ուղղությամբ և մի քանի այլ տեղերում փոքր ուժեր են կուտակել։
«Փորձում են դրանով ցույց տալ իրենց հնարավորությունները»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք Արցախը շրջափակման պայմաններում կկարողանա դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, վերջինս պատասխանեց․
«Ամեն ինչ անելու ենք, որ դիմակայենք այդ ուժերին և հիմա էլ արվում է ամեն ինչ»։
Բաբայանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե արցախցիներն իրենց քաղաքացիներն են և խոստացել էր, որ Ադրբեջանի կազմում ապրելով նրանք մի քանի անգամ ավելի լավ են ապրելու.
«Բայց առավոտյան արթնանում ենք ու տեսնում, որ ադրբեջանցիներն Արցախի գազն անջատել են։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցայտնոտի մեջ է։ Նրանք փորձում են Արցախի գյուղական ճանապարհների վրա տեղակայվել ու վախեցնել բնակիչներին, որ այդ ճանապարհները չօգտագործեն, Շուշիի ուղղությամբ զորքեր են ձգում և այլն. սա միայն ցույց է տալիս իրենց անկանոն լինելը։ Անիմաստ քայլեր են՝ խաղաղության համար բանակցությունների չեն գնում, մի բան են հայտարարում, այլ բան անում։ Իրականում, խաղաղություն ասելով ոչնչի չենք հասնի, եթե այդ խաղաղությունը չենք ուզում։ Առաջինը փոխվստահությունն է լինում, հետո խաղաղությունը, բայց Ադրբեջանը փոխվստահությունից չի խոսում, այլ միանգամից ընտրում է ինտեգրման ուղին։ Ադրբեջանը արցախցիներին հրավիրում է Բաքու՝ որպես համայնք՝ իմանալով, որ պատասխանը միայն ու միայն բացասական է լինելու»,-հավելեց Բաբայանը։
Լիաննա Թորոսյան