Ովքեր կլինեն Երևանի փոխքաղաքապետերը, Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել արցախցիներից․ Մամուլը՝ սուրճով

Ովքեր կլինեն Երևանի փոխքաղաքապետերը, Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել արցախցիներից․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Չնայած որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն ընդամենը 33% ձայն էր հավաքել և չէր ընտրվել քաղաքապետ, բայց երեկ ավագանու ՔՊ և «Հանրապետություն» կուսակցութունների ձայներով Ավինյանն ընտրվեց քաղաքապետ:
«Հանրային ձայն» կուսակցությունը եկավ և քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը:

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 47–րդ հոդվածի համաձայն` քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։ Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21–ին` ժամը 10–ին։ Երեկվա նիստին նաեւ հանձնաժողների նախագահներ եւ փոխնախագահներ նշանակվեցին։

«Հանրապետություն»-ը ստացավ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները, «Հանրային ձայն»-ը միայն Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, մյուս բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են:

Այսպիսով՝ բաց է մնում միայն Տիգրան Ավինյանի տեղակալների՝ փոխքաղաքապետերի հարցը, որը կքննարկվի արտահերթ նիստով կամ էլ նոյեմբերի 21-ի հերթական նիստին:
Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երևանի ավագանին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում են քաղաքապետի ԺՊ Լեւոն Հովհաննիսյանը, որը Ավինյանի մտերիմն է քաղաքապետարանում, մյուս փոխքաղաքապետի հարցն էլ դեռ վաղուց է որոշված. այս պաշտոնում կնշանակվի Արմեն Փամբուխչյանը, որը քաղաքապետարանում Փաշինյանի «աչքն ու ականջն է»: Ի դեպ, Փամբուխչյանը «գործազուրկ» է դեռ հունիսի 30-ից՝ԱԻ նախարարության լուծարումից հետո:

Փաշինյանն էլ երկար փնտրտուքներից հետո նրա համար դեռ վաղուց պահել է փոխքաղաքապետի պաշտոնը:

Փոխքաղաքապետերից մեկն էլ պետք է բաժին հասնի «Հանրապետություն» կուսակցությանը: Այս պահին թեժ քննարկումներ են գնում կուսակցության ներսում Արտակ Զեյնալյանի եւ Անի Խաչատրյանի թեկնածությունների շուրջ:

ՔՊ-ն այդ պաշտոնը տալու է Արամ Սարգսյանի ղեկավարած ուժին,իսկ թե ու՞մ կառաջադրեն՝ Զեյնալյանին, թե ՝ Անի Խաչատրյանին, «Հանրապետություն»-ը
դեռ քննարկում է այս հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայերի հոսքն ավարտված է։ Ավելի քան 100 հազար տեղահանվածներից մոտ 54 հազարը շարունակում են գտնվել պետության կողմից տրամադրված կացարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունենալու մեր
Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցներին նյութական փոխհատուցումները։ Մասնավորապես շատ-շատերը ունեցել են Արցախում ընտանի կենդանիներ(կով, խոզ և այլն), որոնք եղել են իրենց ապրուստի միակ միջոցը և այսօր Հայաստանում փաստացի ոչինչ չունեն։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունը.

«ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու նպատակով արդեն իսկ նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Մասնավորապես՝ արդեն իսկ հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքները հոգալու նպատակով պետության կողմից յուրաքանչյուրին 100.000 դրամ միանվագ աջակցություն տրամադրելու վերաբերյալ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվող փոխանցումների իրականացումն արդեն մեկնարկել է»։

Փոխվարչապետը տեղեկացնում է նաև, որ առաջիկայում նախատեսվում է բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կհատկացվի 40000 և կոմունալ ծախսերի համար հավելյալ 10000 դրամ։

Ի վերջո անդրադառնալով մեր բուն հարցին, Խաչատրյանը տեղեկացնում է, որ կարիքների գնահատման գործընթացի ավարտից հետո ըստ անհրաժեշտության նաև աջակցության նոր ծրագրեր կդիտարկեն գյուղատնտեսության ոլորտում գործունեության համար։

Թե «ըստ անհրաժեշտության» արտահայտության տակ ինչ կա թաքնված ու ինչպես դա կորոշվի՝ անհայտ է։

Նույն անորոշ պատասխանը տրվում է կապված բնակարանային ապահովման հետ։ Հարցին, թե արդյո՞ք արցախահայությանը հետագայում հատկացվելու՞ է բնակարաններ, տներ, ինչպես հայտնի ժամանակներում էր, թե՞ ինչպես ՀՀ մնացած քաղաքացիները, նրանք ևս իրենց արդար քրտինքով ևս մեկ անգամ էլ պետք է «տուն դնեն»։

Փոխվարչապետը վաղվա ծրագրերից խոսել խուսափում է, կարծես ակնարկելով՝ «կապրենք, կտեսնենք».

«Մինչ այս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ և միջնաժամկետ կարիքներին արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաև հնարավոր երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները։ Երկարաժամկետ աջակցության ծրագրերի հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշումները կկայացվեն և հանրությանը կներկայացվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համապարփակ կարիքների գնահատումն ավարտելուց հետո»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը պետք է գործեին, իսկ այդ ժամկետն ընտրվել էր, որպեսզի տեղահանված արցախցիները, որոնց մոտ 70 տոկոսը պետական ապարատի աշխատողներ են, մի քանի ամիս աշխատավարձ ստանային, երեկ տեղեկացանք, որ անգամ սեպտեմբերի աշխատավարձը բոլորը չեն ստացել, եւ հնարավոր է՝ չստանան։

Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ իշխանություններին զայրացրել է այն տեղեկությունը, որը մենք հաղորդել էինք` Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել եւ, ի թիվս այլ հարցերի, գնահատականներ հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին, ինչպես նաեւ՝ պայքարը շարունակելու մասին խոսել։ Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել տեղահանված արցախցիներից՝ նրանց զրկելով աշխատավարձից: Ճնշումներ են սկսել Արցախի վտարանդի իշխանությունների նկատմամբ: Պարտադրել են, մեր լուրի հետ կապված, հերքում տարածել, սպառնացել են` մինչեւ չհերքեն, սեպտեմբերի աշխատավարձերը չեն փոխանցվի։ Ապա իշխանությունների արցախյան խոսափող Տիգրան Պետրոսյանը գրառում արեց, թե իբր նման խորհրդակցություն չի եղել, իսկ երեկ ԱՀ տեղեկատվական շտաբը տեքստ տարածեց. «Շահրամանյանը Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել»:

Երեկ տեղեկացանք, որ Արցախի գլուխը կերած ՔՊ-ն որոշել է լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը եւ Արցախի օպերատիվ շտաբը: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց, որ սեպտեմբերի աշխատավարձը չեն ստացել: Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության լուծարմանը, ապա ասաց, որ իրեն են զանգահարել աշխատակիցները եւ տեղեկացրել, որ իրենց ազատում են աշխատանքից»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԿԳՄՍ նախարարությունն աուդիտ է իրականացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Աուդիտն իրականացնում է «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունը: Այս գործընթացն ուշագրավ չէր լինի, եթե մեզ հայտնի չդառնար մի կարեւոր հանգամանք:

Ըստ մեր տեղեկությունների՝ Ագրարային համալսարանի ներքին աուդիտոր Արթուր Հարությունյանն աշխատում է նաեւ «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունում: Նման պայմաններում, հավանաբար, դժվար կլինի պահպանել անկախության, օբյեկտիվության, անկողմնակալության եւ գաղտնիության սկզբունքները:

Հետաքրքիր է՝ հրապարակվելիք աուդիտորական եզրակացությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կհամարի՞ արժանահավատ»: