«Կիբեռանվտանգություն» ուղղությամբ դասընթացի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական հավաստագրեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Կիբեռանվտանգություն» ուղղությամբ դասընթացներն ավարտած մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Դասընթացներն իրականացրել է ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում: «Կիբեռանվտանգություն» դասընթացն ավարտել է 76 ուսանող։
Նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը շնորհավորել է շրջանավարտներին, հաջողություն մաղթել: Նա նշել է, որ այս ուղղությամբ մասնագետների մեծ պահանջարկ կա և հույս հայտնել, որ ստացած գլիտելիքները մասնակիցները կօգտագործեն ի շահ Հայաստանի:
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ողջունել է շրջանավարտներին և կարևորել Կիբեռանվտանգության ուղղությամբ դասընթացների իրականացումն ու ոլորտում որակյալ մասնագետների պատրաստումը: Էդուարդ Մուսայելյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին իրենց հետագա քայլերում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի նույնպես իրականացնում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որտեղ ընդգրկված են հինգ ուղղություններ՝ Տեխնոլոգիական ձեռներեցություն, Ինժեներություն (տպասալիկների արտադրություն), Կիբեռանվտանգություն, Բլոկչեյն (Blockchain), Արհեստական բանականություն:
Դասընթացների մեկնարկի մասին կհայտարարվի առաջիկայում: