Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի հետ հանդիպման առաջարկին

Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղ գործընթացը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, տարվում է երկու ուղղությամբ։ Առաջին ուղղությունը «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն է», երկրորդը՝ Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։
MediaHub-ը հետևյալ հայտարարության վերաբերյալ զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ։
-Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահի հայտարարությանը ծանո՞թ եք, մասնավորապես, առաջին ուղղության մասն ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Մենք նոր չէ, որ պետք է արձագանքենք նմանօրինակ հայտարարություններին, բազմիցս ենք խոսել այս մասին։ Մենք արդեն ասել ենք, թե ինչ է ինտեգրումը ու ես էլ ասել եմ, որ ինտեգրմանը դեմ չենք, բայց այդ ինտեգրումը պետք է լինի հավասարը հավասարի հետ՝ կամավոր սկզբունքով, որը բնականաբար հնարավոր չէ Ադրբեջանի հետ։ Կրկնում եմ՝ մենք ինտեգրմանը դեմ չենք, եթե այն լինի Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի կամ այլ մեկի հետ:
-Ադրբեջանի հայտարարություններում և գործելաոճում սա տեսնո՞ւմ եք։
-Առաջին հերթին մենք պետք է ճիշտ տերմինաբանությամբ խոսենք, Ադրբեջանի տերմինները պետք չէ վերցնել և դարձնել մեզ համար կարգախոս։ Այն, ինչ Ադրբեջանն է առաջարկում ինտեգրում և վերինտեգրում չէ, գաղութացում է, ստրկացում և համակենտրոնացման ճանապարհներից մեկն է, որը մեզ համար անընդունելի է։
-Պարոն Բաբայան, ավելի վաղ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։ Ադրբեջանից արդեն արձագանք կա՞։
-Այս պահին ոչինչ ասել չենք կարող։ Եթե արձագանք լինի, կասենք։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, թե առաջարկում են, որ Ղարաբաղի ներկայացուցիչներն ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնեն Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում։ Ստեփանակերտն այս հրավերը մերժել էր:
Լիաննա Թորոսյան