Ադրբեջանը նոր էսկալացիայի է տանում․ խաղաղության պայմանագիր լինելու է․ Փաշինյան

Կառավարության մարտի 23-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարերց, որ Ադրբեջանը իրադրությունը տանում է դեպի նոր էսկալացիա։ 

«44-օրյա պատերազմի հետեւանքով հայաթափված Թալիշ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները Ադրբեջանը քանդում է եւ նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ այլեւս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշախավորման, կամ «ինտեգրացիայի» իր մոդելը․ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրա փոխարեն ադրբեջանցիների համար նախատեսված տներ կառուցել, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայկական գրությունները եւ հարցը համարել լուծված»,-ասաց Փաշինյանը։ 

Ադրբեջանի այս գործողություններն, ըստ նրա, ապօրինի են եւ հակասում են նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են ԼՂ տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահոսկողության ներքո։

«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, եւ ոչ թե նրանց տները քանդելուվ։ Մարտի 18-ին Ադրբեջանի ղեկավարը բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ՝ ՀՀ-ի նկատմամբ եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,-ասաց նա՝ հղում անելով Պրահայում եւ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը, նրա խոսքով, բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։ 

«Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպումահար կրակոցով սպանել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին»,-նկատեց նա՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա, ինչը հիմնավորվում է Ադրբեջանի պետական մակարդակով վարվող այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով, ինչն, ըստ Փաշինյանի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։

Այդուհանդերձ, դիմելով կառավարության անդամներին եւ հայ ժողովրդին, Փաշինյանն ընդգծեց․ 

«Խաղաղության պայմանագիր լինելու է, եւ լինելու է մինչեւ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ՀՀ կառավարությունը եւ հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով, կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգը ուժեղացնելով»։

Մանրամասն՝ տեսանյութում։