Որոշ հիվանդությունների դեպքում թթու կաղամբը հակացուցված է․ ո՞ւմ չի կարելի

 Որոշ հիվանդությունների դեպքում թթու կաղամբը հակացուցված է․ ո՞ւմ չի կարելի

Թթու կաղամբը ֆերմենտացված արտադրանք է, որը չափազանց կարևոր է աղեստամոքսային տրակտի գործառույթը վերականգնելու և միկրոբիոտային աջակցելու համար, «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է իմունոլոգ Օլգա Շուպոն։

Սակայն նա որոշ մարդկանց զգուշացրել է այս օգտակար մթերքը չօգտագործել։

Բժշկի խոսքով՝ թթու կաղամբը հարուստ է C, B, K և U վիտամիններով, պրոբիոտիկներով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով, մանգանով, մագնեզիումով, բջջանյութով։ Միևնույն ժամանակ, վիտամին C-ի պարունակությամբ այն գերազանցում է նույնիսկ կիտրոնին։

Այնուամենայնիվ, Շուպոն ընդգծել է, որ թթու կաղամբը պետք է քիչ-քիչ ներմուծվի սննդակարգ, քանի որ այն պարունակում է բազմաթիվ տարբեր բակտերիաներ և մանրաթելեր, որոնք կարող են գրգռիչ լինել մարսողական օրգանների լորձաթաղանթի համար:

Իմունոլոգը հավելել է, որ որոշ հիվանդությունների դեպքում թթու կաղամբը կարող է նույնիսկ հակացուցված լինել՝ գաստրիտով, խոցով, ենթաստամոքսային գեղձի կամ լեղապարկի բորբոքումներով, լյարդի հիվանդություններով, մարսողության խանգարումներով մարդիկ պետք է խուսափեն այս մթերքից։ «Բարձր աղի պարունակության պատճառով սրտի հիվանդություններով կամ արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ պետք է խուսափեն թթու կաղամբ օգտագործելուց, քանի որ կա արյան ճնշման բարձրացման և այտուցի վտանգ», - եզրափակել է Շուպոն: