ԱՄՆ-ն աստիճանաբար կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումից ազգային պարկերում

ԱՄՆ-ն աստիճանաբար կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումից ազգային պարկերում

Միացյալ Նահանգները հաջորդ տասնամյակի ընթացքում աստիճանաբար կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումից ազգային պարկերում եւ հանրային այլ հողերում, հայտարարել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Օվկիանոսների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:

Միջոցառումները կտարածվեն պոլիէթիլենային տոպրակների եւ շշերի, ինչպես նաեւ սննդի փաթեթավորման, բաժակների եւ այլ պարագաների վաճառքի եւ տարածման վրա:

Պետական գերատեսչություններն ունեն մեկ տարի՝ այլընտրանքային տարբերակների անցնելու ծրագրերի մշակման համար, ինչպիսիք են կենսաքայքայվող եւ կոմպոստացվող նյութերը, իսկ անցումը կավարտվի մինչեւ 2032 թվականը:

Պլաստիկ թափոնները մահացու են ձկների եւ այլ վայրի կենդանիների համար, ընդ որում, հիմնական հարվածը կրում են օվկիանոսները: Տարեկան արտադրվող ավելի քան 300 միլիոն տոննա պլաստիկից առնվազն 14 միլիոն տոննան հայտնվում է օվկիանոսում, վկայում են ԱՄՆ ներքին գործերի նախարարության տվյալները: