Ոչ ոք որևէ հաշվարկ չի արել և չգիտի՝ ինչքան ուսուցչի կարիք կզգացվի այդ ժամանակ․ Ատոմ Մխիթարյանը՝ դասարաններում առավելագույնը 20-25 աշակերտ ունենալու նախագծի մասին

Եթե աշակերտների թիվը հասցնեն 20-25-ի, ապա պատրաստված ուսուցիչների խնդիր կառաջանա, որովհետև առանց դա էլ ուսուցիչների խնդիր ունենք Երևանից դուրս։ 100-ից ավելի դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքներ կան և այս դեպքում մենք փաստի առաջ կարող ենք կանգնել։ Եվ մյուս կողմից, այն վերաբերմունքը, որ մեր պետությունը ցուցաբերում է ուսուցիչների հանդեպ՝ մասնավորապես, դա երևում է ընդունելության քննություններով, երբ մանկավարժական բուհեր կամ մասնագիտություններ շատ քիչ շրջանավարտներ են դիմում։
Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ նախատեսում են պարտադիր դարձնել դասարաններում տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25, ավագ մակարդակում առավելագույնը 20 սովորող ունենալը։
Ըստ փորձագետի՝ նախագիծը կրթության որակի բարելավմանը բնականաբար կնպաստի, որովհետև փորձը ցույց է տվել՝ որքան դասարանում քիչ աշակերտ, այդքան ավելի անհատական մոտեցմամբ դասապրոցեսը արդյունավետ է դառնում։
«Սակայն, այստեղ ուրիշ խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև կան դպրոցներ, որտեղ աշակերտների թիվը 20-ի էլ չի հասնում, մասնավորապես, բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցներում, որտեղ թիվը նույնիսկ գնալով նվազում է և ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը նաև դրա հետ է կապված, քանի որ անհնար է մեծ դասարաններ կոմպլեկտավորել։ Երկորդ խնդիրն այն է, որ ավելի բարձր դասարաններում մասնագիտական հոսքերի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև աշակերտների թիվը մեծ պետք է լինի։ »,-ասաց նա։
Մխիթարյանը նշեց, որ կա նաև դրական կողմ և ուսուցիչների վարձատրությունը կավելանա։
«Ժամերի քանակը կավելանա և այս պայմաններում` նաև ուսուցիչների աշխատավարձերը, որը դրական է»,-ընդգծեց Մխիթարյանը։
Վերջինս շեշտեց, որ ավելի կարևոր է՝ ուշադրություն դարձնել թվային որակական պահանջներին։ Հարցին, թե մեր կրթական համարգը պատրաստ է այս փոփոխությանը, թե ոչ, Մխիթարյանը պատասխանեց․
«Ոչ ոք որևէ հաշվարկ չի արել և չգիտի՝ ինչքան ուսուցչի կարիք կզգացվի այդ ժամանակ, որ մարզերում, որ բնակավայրերում։ Հաշվարկները պետք է արվեն, հիմնավորվեն, հետո դաշտ մտնեն»։