Արթիկի թիվ 2 դպրոցի հին և վթարային մասնաշենքերի տեղում նոր դպրոց է կառուցվում

Արթիկի թիվ 2 դպրոցի հին և վթարային մասնաշենքերի տեղում նոր դպրոց է կառուցվում

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին մասնաշենքերի տարածքում նոր դպրոց է կառուցվում։ Աշխատանքները տարեսկզբին են սկսվել։ Այն իրականացվում է կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Մինչ այդ ապամոնտաժվել են դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության մասնաշենքերը։ Դրանք զգալի վնասվել էին նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից։

Դպրոցի նախկին 2 մասնաշենքերը տարբեր ժամանակների կառույցներ էին։ Դրանցից մեկը 1933 թվականին է կառուցվել․ այն համարվել է Արթիկում կառուցված առաջին դպրոցը, իսկ երկրորդ մասնաշենքը 50-ականների կառույց էր։ Փայտե կառուցատարրերով վթարային շենքերում մինչև ապամոնտաժումը դասեր են արել։ Վթարայնության աստիճանի մասին սեյսմիկ եզրակացությունները հիմք են հանդիսացել շենքերը քանդելու մասին որոշում կայացնելու։

Անցած տարվա վերջին սկսվեց դպրոցի հին մասնաշենքերի ապամոնտաժումը, նորի կառուցումը դրանց տեղում է։ Տիպային նոր կառույցն այլ տեսք է ունենալու։ Կառուցապատման նոր լուծումներով կառուցվող շենքը դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերից է։

Մոտ 2000 քառակուսի մետր մակերեսով շինհրապարակում հիմնային աշխատանքներն են ընթանում։ Սեյսմակայուն շինարարության նորմերին համապատասխան ամրանավորման աշխատանքների մի մասն արդեն արված է։ Եռահարկ դպրոցն ունենալու է 4 մասնաշենք, որոնք միմյանց են միանալու նախասրահներով։ Առաջին 2 մասնաշենքերն իրենց 26 դասասենյակներով նախատեսված են ուսումնական դասապրոցեսի համար, մյուսները կունենան այլ նշանակություն։

«2 մասնաշենքերը դասարանների համար են նախատեսված, մյուսը սպորտդահլիճն է լինելու, 4-րդը ճաշարան։ Ժամանակակից դպրոց է լինելու՝ իր բոլոր հարմարություններով։ Ոչ մի բանի կարիք չի ունենալու դպրոցը, ավտոնոմ բոլոր հարցերը տեղում կարողանալու է լուծել»,- նշում է «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ աշխղեկ Գևորգ Բաղդասարյանը։

Ժամանակակից դպրոցներում պարտադիր սկզբունք է ներառականության ապահովումը։ 430 աշակերտական տեղով շենքը հարմարեցված կլինի նաև կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող աշակերտների համար։ Դպրոցում պարտադիր լինելու են թեքահարթակներ ու գործելու է վերելակ։

Արթիկի թիվ 2 դպրոցի կառուցման ավարտը նշվում 2024 թվականի աշունը։ Մոտ 600 աշակերտներ ևս 2 ուսումնական տարի դասերը կշարունակեն երկհերթ անցկացնել ժամանակավոր հարմարեցված Արթիկի կենցաղի տան մասնաշենքում։